211652_close_icon
views-count8438 դիտում article-date 12:58 18-04-2019

Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց

Մանկապարտեզում երեխաների առցանց հերթագրումը mankapartez.yerevan.am կայքի նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխային Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: «Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ, մեր քաղաքացին ունենում է հնարավորություն գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե: Քաղաքային իշխանությունը սրանով ևս մեկ քայլ է անում՝ հեշտացնելու մեր քաղաքացիների առօրյան»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Երբ հերթագրման գործընթացը փակ էր, և դրանք տեղի էին ունենում չակերտավոր ետնաբեմում, հազարավոր քաղաքացիներ տեղեկություն չէին ունենում, թե ինչպես է կատարվում հերթագրման գործընթացը, ովքեր են այն մարդիկ, որոնք օգտվում են արտոնություններից, իրենց երեխայի հերթը երբ է հասնելու: Այս առումով քաղաքապետի կողմից կար հստակ ցուցում. գտնել ճանապարհներ՝ գործընթացն առավելագույնս թափանցիկ դարձնելու համար»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Մանկապարտեզում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել կայքում` ներկայացնելով էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոս, որին ուղարկվելու է գրանցումը հաստատող կարճ հաղորդագրություն: Օգտագործելով Ձեր գաղտնաբառը՝ կարող եք արդեն որպես օգտատեր սկսել հերթագրումը: «Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտքագրել երեք տվյալ՝ երեխայի ծննդյան վկայականի հերթական համարն ու սերիան, տրման ամսաթիվը, նաև երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը: Կատարվում է ստուգում, որից հետո անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզն ու կցել ծնողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի պատճենները և հաշվառումը վկայող փաստաթղթի պատճենները, որոնք կարելի է լուսանկարել հեռախոսով» ,-նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ ծրագրի ղեկավար Սոնա Մանուկյանը: «Հայտն ուղարկվում է մեր կենտրոն և աշխատանքային 2 օրվա ընթացքում այն հաստատվում է: Եթե առաջանում են հարցեր, ապա հետադարձ կապով ճշտվում են քաղաքացիների հետ: Այստեղ ամենակարևոր գաղափարն ի՞նչն է՝ ծնողն աշխատանքային 2 օր անց տեսնում է իր երեխայի անունով արդեն հերթական համարը: Այն ծնողը, որը մուտք է գործել իր տվյալներով, միայն ինքն է տեսնում իր երեխայի անուն-ազգանունը. մնացած բոլոր երեխաների տվյալները թաքցված են: Միայն հերթական համարն է: Ավելի թափանցիկ մեթոդ երբևէ չի եղել»,-նշում է Սերգեյ Հարությունյանը: Երեխայի հերթի մասին տեղեկատվությունը կստանաք զանգի, էլեկտրոնային փոստի կամ ծրագրում ներառված մյուս գործիքների միջոցով: Հերթագրման գործում Ձեզ կօգնի կայքի ուղեցույցը, նաև՝ կից տեսահոլովակը: Ո՞ր տարիքից է կատարվում հերթագրումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և հաճախ տրվող այլ հարցերի պատասխանները ևս կգտնեք mankapartez.yerevan.am կայքում: Այստեղ կարելի է տեղեկատվություն ստանալ նաև հերթագրված երեխաների թվի մասին: Թեպետ առցանց գրանցումը կհեշտացնի քաղաքացիների հոգսն ու կխնայի նրանց ժամանակը, քաղաքապետարանի գլխավոր նպատակն է՝ վերջնականապես լուծել խնդիրը, չունենալ մանկապարտեզներում հերթեր և ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար: «Սա ժամանակատար աշխատանք է, բայց ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում է և կարևորագույն հարցերից մեկն է, որը մենք վերցրել ենք պարտավորություն տանելու վերջնական լուծման: Այս համալիր ծրագիրն իրականացվում է, որպեսզի մեր քաղաքացիների մոտ վերականգնվի քաղաքային իշխանության հանդեպ վստահությունը»,-ընդգծում է քաղաքապետի տեղակալը:

Նմանատիպ նյութեր