211652_close_icon
views-count12457 դիտում article-date 16:30 16-04-2019

«Օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն. ավելի բարձր մարդասիրական առաքելություն դժվար է պատկերացնել». Անահիտ Ծառուկյան. slaq.am

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը երկարամյա պատմություն ունի, որի ընթացքում ընդլայնել է իր գործունեությունը, բաժանել ոլորտների` դարձնելով ավելի նպատակային և թիրախավորված: 2017թ. հիմնադրամը ղեկավարում է Անահիտ Ծառուկյանը, ով գերազանց կատարում է իր աշխատանքը` արժանանալով բոլորի սիրուն և հարգանքին: Նա մասնագիտությամբ բժիշկ է, և յուրաքանչյուրին, ով դիմում է իրեն, վերաբերվում է իր մարդկային տեսակին և բժշկի մասնագիտությանը հատուկ սրտացավությամբ, բարությամբ ու կարեկցանքով: Իհարկե, այդ ամենին գումարվում է նաև նրա պատրաստակամությունը` օգնել իրեն դիմած մարդկանց, թեթևացնել նրանց հոգսը: Եվ դա պատահական չէ, դրա հիմքում նրա ստացած դաստիարակությունն է, ընտանիքի անդամների օրինակը: Անահիտ Ծառուկյանը մեծացել է մի ընտանիքում, որտեղ բարեգործությունը ապրելակերպ է, առօրյայի մի մաս: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունները ներառում են գրեթե բոլոր ոլորտները` սպորտ, մշակույթ, կրթություն, եկեղեցաշինություն, սոցիալապես անապահով խավերի աջակցություն և այլն: «Դե Ֆակտո» ամսագրի այս համարի շապիկին ներկայացնում ենք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանին, ով մեզ հետ հարցազրույցում առավել մանրամասն պատմում է հիմնադրամի գործունեության ուղղությունների, իրականացրած ծրագրերի մասին, որոնց հիմքում Ծառուկյան ընտանիքի ֆենոմենն է՝ բարեգործությունն իրենց առաքելությունը համարելու կենսափիլիսոփայությունը:   [b]-Հարգելի՛ Անահիտ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես գործում է 2003թ.` շուրջ 16 տարի: Հետաքրքիր է, ի՞նչ է բարեգործություն ասվածը Ձեզ և Ձեր ընտանիքի համար: [/b] -Առաջին հերթին պետք է նշեմ, որ թեպետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2003 թվականին, սակայն մեր ընտանիքը բարեգործական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս 90-ական թվականներից: Սկզբում այդ բարեգործական գործունեությունը ծավալվում էր Առինջ գյուղում, այնուհետև ընդլայնելով ոլորտները` ներառեց Կոտայքի մարզը, իսկ հետագայում արդեն ամբողջ հանրապետությունը: Ես որքան ինձ հիշում եմ` մեր ընտանիքի համար բարեգործությունը եղել է ապրելակերպ, ոչ թե առիթից առիթ դրսևորվող ինչ-որ գործունեություն: Այն եղել է մեր կենսակերպի մի շատ կարևոր մասնիկ, ամեն օր տարբեր առիթներով արվող բարի գործեր: Ես դա տեսել եմ իմ վաղ մանկությունից սկսած` հայրիկիս, մայրիկիս, տատիկիս կողմից անընդհատ իրականացվող գործունեությամբ: Հայրս միշտ ասում է, որ մարդ պետք է իր ապրած կյանքում ձեռագիր թողնի: Կարծում եմ` սա լավագույնս է բնորոշում բարեգործություն ասվածը: [b]-Ինչպե՞ս որոշեցիք ստանձնել հիմնադրամի տնօրենի պաշտոնը այն պարագայում, որ ընտրել եք յուրահատուկ մասնագիտություն և սահուն քայլերով մասնագիտանում եք տվյալ ոլորտում: [/b] -Իմ ընտրած մասնագիտության` բժշկության հիմքում ևս ընկած է մարդասիրության գաղափարը, որը անկյունաքարային է բարեգործական գործունեության մեջ, այդ իսկ պատճառով ինձ համար բացարձակ դժվար չէ համատեղել այս երկու ոլորտներում իմ աշխատանքը: Ես մեծ սիրով եմ 2017 թվականին ստանձնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի պաշտոնը և շատ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ գործառույթների իրականացմանը` շատ լավ գիտակցելով նաև հայրիկիս սրտացավ վերաբերմունքն այս ոլորտի նկատմամբ: Մենք ուղղակի ծրագրեր չենք իրականացնում կամ մարդկանց աջակցություն տրամադրում: Մեր յուրաքանչյուր նախաձեռնություն խիստ կշռադատված է և իրականացվում է նպատակային: Ես մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից, քանի որ հնարավորություն ունեմ իրականացնելու մարդկանց աջակցելու, օգնության ձեռք մեկնելու մարդասիրական առաքելությունը: [b]-Որպես հիմնադրամի տնօրեն` ի՞նչ խնդիրներ և նպատակներ եք դրել Ձեր առջև: [/b] -Ի պատասխան ձեր այս հարցի` պետք է մեջբերեմ հայրիկիս այն խոսքերը, որ բարեգործությամբ երկիր չես կառուցի: Ես շատ կուզենայի, որպեսզի մենք ունենայինք այնպիսի հզոր ու զարգացած տնտեսությամբ երկիր, որտեղ մեր բոլոր հայրենակիցները կլինեին սոցիալապես ապահովված և ընդհանրապես կարիք չէր լինի բարեգործությամբ զբաղվել, սակայն, ցավոք, այսօր դեռ այդ հնարավորությունը չկա: Մենք իրականացնում ենք շատ լայնամասշտաբ գործունեություն, որի յուրաքանչյուր առանձին ճյուղում իրականացված ծրագրերի նպատակը մեկն է` նպաստել ու աջակցել այս կամ այն խնդրի լուծմանը, զարկ տալ մշակույթի զարգացմանը, նպաստել մեր ազգային արժեքների պահպանմանը: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը իր տեսակի մեջ եզակի մասշտաբային բարեգործական ռեսուրս է, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի է և թափանցիկ: Սա հիմնադրամ է, որը գիտի իր դիմորդներին, հասկանում է նրանց կարիքներն ու մտահոգությունները, միևնույն ժամանակ, փնտրում է զարգացման ուղիներ, խթանում նախաձեռնություններն ու նորարարությունները, շարժվում ժամանակին համընթաց և ծառայում միայն բարուն: [b]-Որո՞նք են հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունները: [/b] -Հիմնադրամը ձևավորման առաջին իսկ օրվանից անմիջապես դարձել է իր տեսակի մեջ յուրօրինակ ու խոշոր ռեսուրս, որն իրականացրել և իրականացնում է մի շարք կարևոր և տևական, հանրապետությունում մինչ այդ երբևէ չիրականացված նախագծեր: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը: Հիմնադրամի սոցիալական նախագծերի ցանկը լայնածավալ է: Դրանք մշակվել են` հաշվի առնելով ՀՀ թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի բնակչության տարբեր սոցիալական խավերի կարիքները: Մենք պարբերաբար ընդլայնում ենք իրականացվող բարեգործական ծրագրերի թե՛ մասշտաբները և թե՛ աշխարհագրությունը: [b]-Այս տարի հիմնադրամն աջակցություն ցուցաբերեց Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին: Հնարավոր եղա՞վ մեղմել նրանց վիշտը, ի՞նչ խնդիրներով էին նրանք դիմել Ձեզ: [/b] -Հիմնադրամը ոչ միայն այս տարի է սկսել աջակցություն տրամադրել Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին, այլ 2016 թվականից սկսած` ապրիլյան ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո: Նրանք շարունակաբար գտնվում են մեր հիմնադրամի ուշադրության կենտրոնում, հայրիկս պարբերաբար հանդիպումներ է ունենում նրանց հետ: Ես այս պահին չէի ցանկանա խոսել մեր նախաձեռնությունների նյութական կողմի մասին, թե ում և ինչ ֆինանսական աջակցություն է տրամադրվել: Այստեղ ամենակարևորը հարցի բարոյական կողմն է: Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ մեր հերոսների ընտանիքները զգան, որ մենակ չեն իրենց վշտի հետ, զգան, որ ունեն իրենց ցավը կիսող, իրենց որդիների կամ ամուսինների սխրանքը գնահատող ու արժևորող մարդիկ: Հայրիկս մշտապես նման հանդիպումների ժամանակ շեշտում է, որ նրանք մենակ չեն, որ ապրիլյան պատերազմի հերոսների սխրանքը մենք հավերժ հիշելու և գնահատելու ենք: Նրանք ընկան, որպեսզի մենք բոլորս շարունակենք ապրել խաղաղ և անվտանգ երկնքի ներքո: Սա պետք է միշտ հիշել: [b]-Ավանդույթի համաձայն` հիմնադրամի աջակցությունը ստացան նաև Սումգայիթի ջարդերից փրկված ընտանիքները: Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր նրանք: [/b] -Մեր հիմնադրամն ունի ավանդական դարձած մի շարք նախաձեռնություններ, որոնք իրականացվում են յուրաքանչյուր տարի: Ավանդույթի համաձայն, 10 տարուց ավելի է, որ տատիկս` Ռոզա Ծառուկյանը, ով նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Սումգայիթի ջարդերի տարելիցի օրն այցելում է Բյուրեղավան համայնքում բնակվող ջարդերից փրկված ընտանիքներին: Ոճրագործությունը վերապրած բոլոր ընտանիքները հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն են ստանում: Ցավալի է, բայց փաստ, որ այդ ընտանիքներից գրեթե բոլորն էլ ունեն սոցիալական խնդիրներ և բարոյական աջակցությունից զատ, նրանց համար նաև կարևոր է տրամադրված նյութական աջակցությունը: Բայց ինչպես ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքների դեպքում, այս դեպքում ևս պետք է կարևորեմ հարցի բարոյական կողմը: Կարևորն այն է, որ այդ ոճրագործությունից մազապուրծ մեր հայրենակիցները զգան, որ մենակ չեն, որ ի դեմս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ունեն աջակից, ով անտարբեր չի իրենց խնդիրների նկատմամբ: [b]-Այս տարի տոնում ենք Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, ում անվան տուն-թանգարանը վերանորոգման, բարեկարգման կարիք ուներ: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանձն առավ լուծել այդ խնդիրները: Կպատմե՞ք` ինչ աշխատանքներ են իրականացվել: [/b] -Դեռ անցյալ տարի Դսեղ կատարած այցի ընթացքում տուն-թանգարանի տնօրինությունը հայրիկիս էր ներկայացրել թանգարանի առաջնային լուծում պահանջող խնդիրները: Բնականաբար, հենց նույն վայրկյանին հայրիկս հանձնարարել էր գույքագրել առկա խնդիրներն ու լծվել դրանց լուծմանը և կարճ ժամանակահատվածում մի քանի փուլով իրականացվել են վերանորոգման և բարեկարգման մեծածավալ աշխատանքներ: Ամբողջական հիմնանորոգումից և բարեկարգումից հետո Հովհաննես Թումանյանի` Դսեղում գտնվող տուն-թանգարանը փետրվարի 19-ին արդեն կարողացավ հավուր պատշաճի նշել Ամենայն Հայոց բանաստեղծի 150-ամյակը և հազարավոր հյուրերին ներկայացավ թարմացված և ներկայանալի տեսքով: [b]-Հիմնադրամը լայնամասշտաբ կրթական ծրագրեր է իրականացնում` ուղղված երիտասարդներին: Ի՞նչ ծրագրեր են դրանք, և այս տարի ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: [/b] -Կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների ու երիտասարդների դերակատարումը` մեր հիմնադրամը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը: Ամեն տարի տարբեր կրթական հաստատությունների 1000-ից ավելի ուսանողներ ստանում են «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակ: Առաջնահերթությունների թվում են տարբեր ոլորտների տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու խրախուսումը: Գործունեության առաջին իսկ օրվանից հայրիկս առաջնահերթ է համարել ուշադրությունը երիտասարդ կադրերի հանդեպ, կարևորել նրանց պատասխանատու ոլորտներ վստահելու և հայրենիքում ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը: Հաճախակի հանդիպումների ընթացքում նա անձամբ է ծանոթացել երիտասարդներին մտահոգող խնդիրներին ու ցանկալի լուծումներ տվել դրանց` զբաղվածության խնդրից մինչև անվճար փոխադրամիջոցներ, ուսման վարձավճարներից, կրթաթոշակներից ու դրամաշնորհներից մինչև խրախուսական պարգևներ ու գիտակրթական ամենատարբեր ծրագրեր: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ նոյեմբերի 17-ին` ուսանողների միջազգային օրը, արդեն տարիներ շարունակ հազարավոր երիտասարդների հետ հայրիկս տոնում է այդ օրը և նրանցից լավագույններին անձամբ պարգևատրում բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներով: Վերջին տարիներին հիմնադրամի հովանավորությամբ կյանքի են կոչվում բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր, որոնցում իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում հազարավոր երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի ամենատարբեր երկրներից: Հիմա հնարավոր է չվերհիշեմ բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, սակայն հատկապես կրթական ոլորտին մեր հիմնադրամն առանցքային նշանակություն և կարևորություն է տալիս: [b]-Համահայկական ի՞նչ ծրագրեր են իրականացվել և իրականացվում հիմնադրամի կողմից: [/b] -Անկեղծորեն պետք է ասեմ, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության գերակա ուղղություններից մեկը հենց հատկապես համահայկական ծրագրերի իրականացումն է: Կարևոր համարելով Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդումը` վերջին տարիներին հիմնադրամը մի շարք խոշորածավալ ծրագրեր է ֆինանսավորել, որոնք նպատակ են ունեցել նպաստելու հայապահպանությանն ու ազգային միասնության ամրապնդմանը: Առաջնահերթ համարելով Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդումն ու Սփյուռքում հայ ինքնության պահպանման խնդիրը` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հատկապես վերջին տարիներին ֆինանսական մեծ օժանդակություն է ցուցաբերում Սփյուռքի հայկական կառույցներին: Դրանից զատ, կարևոր համարելով Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ինքնության պահպանման խնդիրը 2015 թվականից ի վեր` յուրաքանչյուր տարի 20 լիբանանահայ ուսանող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել կրթություն ստանալու Հայաստանի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն արդեն տևական ժամանակ է, ինչ սերտ գործակցություն է հաստատել նաև Քուվեյթի հայկական համայնքի հետ: Խոշոր բարեգործական ծրագրեր են իրականացվել նաև Իրանի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի հայ համայնքներում: Դրանց ծավալն այնքան մեծ է, որ դժվար թե մեկ հարցազրույցի շրջանակներում կարողանամ ամփոփել: [b]-Մշակութային ի՞նչ ծրագրեր են իրականացվում հիմնադրամի կողմից: [/b] -«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, կարևոր համարելով մեր երկրում մշակույթի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատների խրախուսումն ու մշակութային երկխոսության ընդլայնումը, զգալի ֆինանսական միջոցներ է ուղղում ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը: Մենք երբևէ չենք սահմանափակվում կատարված աշխատանքներով և շարունակաբար ընդլայնում ենք բարեգործական ծրագրերի ոլորտներն ու ծավալները: Թատերական փառատոններ, երիտասարդ կոմպոզիտորների միջազգային մրցույթներ, կրթության, գիտության և մշակույթի ոլորտների հեռանկարային զարգացմանը միտված բազմաթիվ նախագծեր: Հիմնադրամի կողմից ֆինանսական և նյութական աջակցություն են ստացել տարբեր երաժշտական խմբեր, մշակութային ուսումնական հաստատություններ, տարբեր գիտաժողովների և մրցույթների մեկնող պատվիրակություններ, անհատներ: Սահմանվել են մրցանակներ տարբեր փառատոներում և մրցույթներում հաղթողների համար, տրվել են անհատական կրթաթոշակներ տաղանդավոր երիտասարդներին: Մեկ անգամ չէ, որ հայ մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած անձինք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից արժանացել են մեծարանքի ու գնահատանքի: Հայրիկս միշտ ասում է, որ մեր ազգի մեծերը պետք է մեծարվեն իրենց կենդանության օրոք և մենք առաջնորդվում ենք հենց այս սկզբունքով: Ես հիմա դժվար թե կարողանամ ներկայացնել այս ոլորտում իրականացվող ամենատարբեր միջոցառումների ամբողջ ծավալը, միայն կասեմ, որ հատկապես մշակույթի ոլորտում իրականացվող բարեգործությունն ավելին է, քան ուղղակի բարեգործությունը. սա նպատակային ներդրում է մեր երկրի ապագայի, մեր ազգային ինքնության ու դիմագծի պահպանման խիստ կարևոր գործի մեջ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.slaq.am/arm/news/1311093/?fbclid=IwAR2JfHx3nHJDL_npWah50urhjltAMM1MJkJhpEy_Xmgyiri0kFe7WzTQegM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր