211652_close_icon
views-count1675 դիտում article-date 14:15 11-04-2019

Կառավարությունը մեղմացնում է «Վետերան» օթևանում ազատ սենյակները բնակեցնելու պահանջները

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու» վերաբերյալ որոշման մեջ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց բնակության համար նախատեսված կացարանում («Վետերան» օթևան, որն ընդգրկված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում, որպես առանձին ստորաբաժանում) ավելի քան երկու տարի է, ինչ առկա են ազատ սենյակներ, որոնք չեն բնակեցվում որոշման պահանջներին համապատասխանող կարգավիճակ ունեցող դիմող չլինելու պատճառով: «Վետերան» օթևանը ստեղծվել է 1982 թվականին Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների համար, իսկ 1988 թվականից, իրավիճակից ելնելով, այնտեղ կացարան է տրամադրվել նաև երկրաշարժի գոտու բնակիչներին, 1991 թվականից՝ նաև փախստականներին: Բնակիչներին կացարանը հատկացվում է անհատույց, առանց սեփականության իրավունքի պայմանագրային հիմունքներով ու նրանք պարտավորվում են վճարել կոմունալ ծառայությունների վարձավճարները: «Վետերան» օթևանում կացարանով ապահովման նպատակը հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացումն է, և ըստ անհրաժեշտության, այդ անձանց սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը՝ կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելու համար: Ըստ գործող կարգավորումների, կացարան տրամադրվում է ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող, ինքնասպասարկման ապահովման ունակություն ունեցող՝ 1) Հայրենական մեծ պատերազմի վետերաններին. 2) գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառներում Հայաստանի պատվավոր կոչում ունեցող` 65 տարին լրացած անձանց: Այժմ առաջարկվում է փոխել կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, դարձնելով առավել իրատեսական, ընդգրկելով այն անձանց, ովքեր իրավամբ կարիք ունեն բնակելի տարածքի եւ ի վիճակի են ինքնուրույն բնակվել: Մասնավորապես, առաջարկվում է «Վետերան» օթևանում կացարանով ապահովել. աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամվողներ չունեցող տարեց անձանց, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն: Արդյունքում հստակեցվում է կացարանով ապահովման ենթակա անձանց շրջանակը, միաժամանակ կլուծվի անօթեւան նվազագույնը 10 անձի (ընտանիքի) բնակարանային խնդիր: «Վետերան» օթևանն ունի 48 սենյակ, որոնցից 5-ը օգտագործվում է որպես աշխատասենյակ, իսկ 43-ը՝ բնակելի են (այդ թվում՝ 29 սենյակ մեկ տեղանոց, 14 սենյակ՝ երկտեղանոց), որտեղ կարող է բնակվել առավելագույնը 57 մարդ: Այս պահին ազատ է 10 սենյակ, որից 3-ը՝ երկտեղանոց: Երկտեղանոց սենյակները տրամադրվում են ամուսնական զույգերի կամ մոտ հարազատներ (երկու քույր, երկու եղբայր և այլն): «Վետերան» օթևանի ազատ սենյակները ավելի քան երկու տարի է, ինչ չեն բնակեցվում որոշման պահանջներին համապատասխանող կարգավիճակ ունեցող դիմող չլինելու պատճառով:

Նմանատիպ նյութեր