211652_close_icon
views-count2027 դիտում article-date 12:44 06-04-2019

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, գարնանային ջերմ ու պայծառ մի տոն, որը մենք միշտ նշում ենք անսահման սիրով ու երախտագիտությամբ համակված: Մայրությունն ու գեղեցկությունը միահյուսված են իրար, քանզի յուրաքանչյուր մարդու համար ամենագեղեցիկը, ամենանուրբն ու քնքուշը, ամենաջերմն ու հոգատարը մայրն է, գեղեցիկ՝ իր անմնացորդ նվիրվածությամբ, իր փխրուն հոգու մեծությամբ, իր անփոխարինելի սիրով: Ամբողջ կյանքի ընթացքում մենք փորձում ենք այդ գեղեցկությունը գտնել մեր տիկնանց, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց մեջ՝ դրանով իսկ գնահատելով ու մեծարելով նրանց: Թանկագի՛ն արցախուհիներ, Դուք ունեք առանձնահատուկ առաքելություն եւ դերակատարություն մեր կյանքում: Լինելով հարազատ օջախի պահապանն ու հենասյունը՝ դուք կարողանում եք նաեւ ձեր անգնահատելի ավանդը բերել հայրենի երկրի պաշտպանության, զարգացման ու զորացման, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում, ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական-քաղաքական կյանքում՝ միշտ օգնական ու աջակից լինելով մեզ՝ տղամարդկանց: Մենք անչափ շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ: Եղեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, շրջապատված հարազատների սիրով ու ջերմությամբ: Թող իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու նպատակները: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք»:

Նմանատիպ նյութեր