211652_close_icon
views-count2416 դիտում article-date 20:04 03-04-2019

Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է. Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք

Զանգվածային լրատվության որոշ միջոցներ, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ հրապարակած և ՀՀ Ազգային ժողով ուղարկած 2018 թվականի հաշվետվությանը և այն ներկայացնելով ոչ անմիջական տեքստով, համացանցում տեղեկատվություն են տարածել, թե ՄԻՊ-ի միջամտությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համակարգիչ է տրամադրվել առանց համացանցի հասանելիության։ Տարընկալումից խուսափելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման հավելվածի ձև N 2-ով սահմանվում է իրերի, առարկաների և սննդամթերքի ցանկը, որով արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ունենալ ցանկում նշված առարկաներն իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով։ Արգելված իրերի ցանկում որպես արգելված իր, ի թիվս այլ առարկաների, ներառված է նաև համակարգիչը։ Իրականում Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք՝ առանց համացանցի հասանելիության, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորության, որի մասին, ի դեպ, նշված է նաև ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մեջ, մասնավորապես. «…դիմումի ներկայացման դեպքում անձին կթույլատրվի փոխանցել ոչ թե համակարգիչ, այլ, Նախարարության ձևակերպմամբ, էլեկտրոնային գիրք, այն դեպքում, երբ էլեկտրոնային գիրքը չունենա հասանելիություն համացանցին, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորություն և ընթերցվող գրականությունն արդեն իսկ ներբեռնված լինի էլեկտրոնային գրքում»։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր