Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական եւ մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբերությունները ներկայում առավել խորացման մեծ հեռանկար ունեն:
Արժեւորելով Սիրիայի ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու հյուրընկալ վերաբերմունքը Ցեղասպանությունը վերապրած հայորդիների նկատմամբ` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդծել է, որ Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ Սիրիայում
առկա ներկա իրողություններին` մարդասիրական օգնության ձեռք մեկնելով պատերազմից տուժած սիրիացիներին:
Երկկողմ կապերի հետագա խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը` վստահություն հայտնելով, որ դրանց նոր ազդակ կհաղորդի ձեւավորված խորհրդարանական բարեկամական խումբը:
Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր կառույցի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Մոհամմեդ Հաջ Իբրահիմին հայ-սիրիական բազմադարյա հարաբերությունները որակել է ոչ միայն բարեկամական, այլեւ եղբայրական:
Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական ու մշակութային առկա սերտ կապերը` կողմերն ընդգծել են հարաբերություններում տնտեսական բաղադրիչի աշխուժացման անհրաժեշտությունը, առանձնացրել գյուղատնտեսության, տեղեկատվական
տեխնոլոգիաների, կրթության ոլորտները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: