Օգնության ձեռք՝ Իրանի եղբայրական ժողովրդին
Մարտի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Նախարարը ցավակցություն հայտնեց նախորդ շաբաթ Իրանը պատուհասած ջրհեղեղի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց օժանդակել տուժածներին:
Ֆելիքս Ցոլակյանը, հիշատակելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ցավակցական հեռագիրը, նշեց, որ ԱԻ նախարարությունը ցանկանում է գործնական մասնակցություն ունենալ արհավիրքի ենթարկված մարդկանց օգնությանը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, ԱԻ նախարարին ցավակցական հեռագրերի համար, երախտագիտություն հայտնեց և նշեց, որ աղետի ենթարկվածներին օգնելը՝ մեր կողք-կողքի ապրող բարեկամ ժողովուրդների համար բարոյական պարտավորություն է:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ բանակցել՝ ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար: