2489 դիտում
13:56 28-03-2019
Որևէ գյուղացի կամ որևէ սպառող գնացե՞լ, հարցրել է, որ ես ջուր չունեմ, քո ընկերությունն այդքան պարտք է, դու ո՞նց ես «Բռաբուսով» ման գալիս․ վարչապետ
ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ խնդիրներ կան ոռոգման ջրի մատակարարման համակարգում՝ շեշտելով, որ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում 2018 թվականի կեսերից գրեթե դադարել է ոռոգման ջրամատակարարումը և սպասվելիք բանջարաբոստանային բերքի գրեթե 80 տոկոսը փչացել է: Նա նաև ընդգծեց, որ ՋՕ-երը անցած տարվա ապրիլից աշխատավարձ չեն ստացել և բոյկոտում են ոռոգման սեզոնին նախապատրաստվելը՝ մինչև չստանան իրենց աշխատավարձերը:
Ի պատասխան ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ջրօգտագործողների ընկերությունները իրենց աշխատավարձերը ստանում են իրենց հավաքագրումների հիման վրա: «Այսինքն, տեսեք՝ կա ջրօգտագործող, այդ ջրօգտագործողը իր համար ստեղծել է միություն, ընտրել է ջրօգտագործողների միության նախագահ: Այսինքն՝ ջուր օգտագործողը ջրի համար վարձը վճարում է, այդ ջրօգտագործողների միությունը վարձը հավաքագրում է և ստանում է աշխատավարձ: Ի՞նչ է նշանակում բոյկոտում են: Ես երեկ տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործողների միությունների դեմ քրեական գործ է հարուցվել մեկ միլիարդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում՝ ամեն մեկը իր արածը և չարածը, իր գողացածը պե՞տք է գցի կառավարության վրա, ցույց անի, թե մենք աշխատավարձ չենք ստացել: Չեք աշխատել, չեք ստացել: Մենք դեռ կգնանք այդ բոլոր ջրօգտագործողների միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք, թե ով ինչքան է գողացել, և հետո չգաք ասեք, թե ջրօգտագործողների միություններին լցնում են բանտերը: Այս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, գողանան, թալանեն, ուտեն վերջում գան ասեն աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե վճարի: Ինչի՞ պիտի կառավարությունը վճարի»,- նշեց վարչապետը:
Արձագանքելով ՀՀ վարչապետի պատասխանին՝ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն ընդգծեց, որ գյուղացիներին վերջին հաշվով չի հետաքրքրում ՋՕ-կառավարության հարաբերությունը, նրանց ավելի շատ հետաքրքրում է ոռոգման խնդիրը:
Վարչապետն էլ նկատեց՝ շատ վատ է, որ գյուղացուն չի հետաքրքրում, որովհետև այդ ջրօգտագործողների միության ղեկավարը հենց գյուղացիների ընտրած ջրօգտագործողների միության ղեկավարն է՝ դե յուրե առնվազն: «Միգուցե, այդ ջրօգտագործողների միության ղեկավարին նախկին կառավարությունը կամ Հանրապետականն է նշանակել, որ նա էլ գնա ընտրակաշառք բաժանի ջրի տեսքով. բա այդ պարտքերը ո՞նց են գոյացել: Դուք գիտեք ընտրակաշառքը միայն կանխիկ փողով ե՞ն տալիս: Ասում են՝ լավ էն ջրի պարտքը կջրենք կգնա: Բա ինչի՞ համար գյուղացուն սա չի հետաքրքրում: Շենքի բնակչին չի հետաքրքրում իր և համատիրության նախագահի հարաբերությունը: Ինքը չի մտածում՝ ի՞նչ կապ ունի կառավարությունը համատիրության նախագահի կամ ջրօգտագործողների միության հետ: Իրենց ընտրած ղեկավար մարմինն է, որ պետք է իրենց ջուր ապահովի: Բա իրենց թվում է, թե վարչապե՞տն է ջուր ապահովողը: Ջուր ապահովողը ջրիօգտագործողների միությունն է: Որևէ գյուղացի կամ որևէ սպառող գնացե՞լ հարցրել է, որ ես ջուր չունեմ, քո ընկերությունն այդքան պարտք է, դու ո՞նց ես «Բռաբուսով» ման գալիս, որևէ մեկը հարցրե՞լ է: Կառավարության խնդիրն այդ է, մենք կգնանք և հերթով կհարցնենք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև ջրովի և անջրդի հողերի հարկման հետ է կապված Սրբուհի Գրիգորյանի բարձրացրած խնդրին: Պատգամավորն ընդգծեց, որ 90-ականներից ի վեր շատ ջրովի հողեր դարձել են անջրդի, սակայն մինչ այսօր գյուղացիները դիտվում են որպես ջրովի հողերի սեփականատերեր և հարկվում են դրա տակ:
Ի պատասխան վարչապետը հարց հնչեցրեց՝ այդ գյուղացիները համայնքի ղեկավար չունե՞ն, այդ գյուղացիները իրենք չե՞ն ընտրել այդ համայնքի ղեկավարին, այդ համայնքի ղեկավարը չի կարողանո՞ւմ այդ հարցը բարձրացնի և լուծում տա:
Նրա խոսքով՝ նորից ամեն բան կառավարության վրա են գցում. «Պարոն վարչապետ, մեր գյուղապետարանի պատուհանը կոտրվել է, ի՞նչ է մտածում այդ մասին կառավարությունը: Կառավարությունը պատրաստ է ցանկացած փաստարկ քննարկել և լուծում տալ: Մեր սիրելի գյուղացիներին ես կոչ եմ անում մտածել՝ ովքեր են իրենց ընտրած գյուղապետերը, և ովքեր են իրենց ընտրած ջրօգտագործողների միության ղեկավարները: Իրենք, իհարկե, չեն ընտրել, նախկին կառավարությունը նշանակել է, բայց հիմա իրենք պետք է ընտրեն, որպեսզի մենք կարողանանք մարդկանց ներգրավել պրոցեսի մեջ կամ էլ այդ համակարգը ոտքից գլուխ պետք է փոխվի:
Նմանատիպ նյութեր
5613 դիտում
10:29 13-05-2016
Դու լավ չես երգում, կոկիկ չես գրում, դու փնթի ես, դու ծույլ ես. «Առավոտ»
Այս բաժնից
1369 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4801 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած