211652_close_icon
views-count906 դիտում article-date 12:40 27-03-2019

Քաղաքական խորը փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքը բացառիկ է․ Նիկոլ Փաշինյան

«Այս ամիսներին մեր գործունեությունն ինձ հիմք է տալիս վստահորեն պնդել, որ տնտեսության մեջ մենք ունենալու ենք և արդեն իսկ ունենք լրջագույն հաջողություններ: Հունվարին Հայաստանի տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս, իսկ արդեն փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.6, և երկամսյա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս: Թվերն ինքնին դրական ենք համարում, սակայն չենք համարում, որ մենք հասել ենք մեր ցանկացած ցուցանիշին: Այստեղ կարևոր է դինամիկան»,- Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանը նույնիսկ հասել էր ռեցեսիոն շեմին: «Եվ այդ ժամանակ շատ կանխատեսումներ էին հնչում, թե ամեն ինչ ավարտվել է: Մենք պնդում էինք, որ ամեն ինչ դեռ նոր սկսվում է: Եվ այդ պահից սկսած մեր տնտեսության մեջ դրական դինամիկա կա: Եվ այդ դրական դինամիկան ունի շատ լուրջ բովանդակություն, և ես որևէ կասկած չունեմ, որ մեր վարած քաղաքականությունը շարունակաբար և հետևողականորեն բերելու է դրական դինամիկայի»,- նշեց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել վարչապետի հինգ ընտրություն: Երեք վարչապետ է փոխվել երկրում, ընտրվել է նախագահ, կայացել են Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, ԱԺ լուծարում, ԱԺ արտահերթ ընտրություններ, և երկրում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն: «Եվ երբ ասում ենք, որ Հայաստանը բացառիկ է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների և դրա բովանդակությամբ, ՀՀ-ն բացառիկ է նաև այդ խորությամբ քաղաքական փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքով: Նախորդ տարին քաղաքական առումով լարված, վայրիվերումների տարի էր, և մեզ հաջողվեց պահել տնտեսական, մակրոտնտեսական կայունությունը: Բայց այս տարվա համար մեր արձանագրումը բոլորովին ուրիշ է»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր