211652_close_icon
views-count1291 դիտում article-date 20:50 20-03-2019

Սխրանքները չեն կորչում. այլ դառնում են դաս ու դասագիրք. գրքի շնորհանդես ԵՊՀ-ում

ԵՊՀ Չարենցի անվան լսարանում այսօր տեղի է ունեցավ գրող, հրապարակախոս, ռադիոլրագրող, Ժուռնալիստների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» բազմահատոր պատմավավերագրական, գեղարվեստական մատենաշարի 12-րդ հատորի շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Այս հատորում Գոհար Մարտիկյանը անդրադարձել է Արարատի մարզին և մարզի 94 հերոսներին, որոնք մարտնչել են հանուն հայրենիքի և հանուն տեսակի պահպանման: Միջոցառումը սկսվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների կողմից պատրաստած տեսանյութով, որի միջոցով ներկայացվեց Գոհար Մարտիկյանի կենսագրությունն ու ստեղծագործական գործունեությունը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը, որը բարձր գնահատեց Գոհար Մարտիկյանի ծավալած գործունեությունը: «Գոհար Մարտիկյանը գտել է ապրելու բանաձևը սերունդներին փոխանցելու ճիշտ կերպը, ինչի համար հարգանքի է արժանի»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը,- «ամեն անգամ Արցախյան հերոսամարտի մասին խոսելիս ինձ մեղավոր եմ զգում, որովհետև այդ պատերազմում զոհվեցին ինձ հասակակից, ինձ համար շատ թանկ մարդիկ, և պարտավորության զգացում է ՝ շարունակելու այն վեհ գործը, որն իրենք էին սկսել»: Նաղաշ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հենց այդ գործը շարունակելու հարցում է, որ Գոհար Մարտիկյանի տեսակն անգնահատելի է: «Ես հաճախ եմ խոսում իմ ուսանողների հետ «Ապրելու բանաձև» հաղորդաշարի մասին և փորձելով սահմանել Գոհար Մարտիկյանի անձը՝ ես այն եզրահանգմանն եմ, որ Գոհար Մարտիկյանն ասացող է, վարքագիր և նաև «մարդ-խարիսխ», որն իր տեսակով թույլ չի տալիս նավին խորտակվել»,-ասաց դեկանը: Ելույթի վերջում Նաղաշ Մարտիրոսյանը խոսեց նաև օրվա խորհրդի՝ Երջանկության միջազգային օրվա մասին՝ նշելով, որ մեր սերունդն արդեն իսկ երջանիկ է՝ լինելով տիկին Մարտիկյանի ժամանակիցը: Գոհար Մարտիկյանի կատարած աշխատանքի մասին խոսեց նաև Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը: «Գոհար Մարտիկյանը Հանրային ռադիոյի ամենաերկարակյաց հաղորդումներից մեկի հեղինակն է»,- նշեց Մուշեղ Հովսեփյանը,- «այս տարի լրանում է տիկին Մարտիկյանի՝ Հանրային ռադիոյում աշխատելու 50-ամյակը: Կես դար է, ինչ նա ներկայացանում է մեր հերոսների կերպարները՝ արդեն 1200 հերոսի կերպարակերտում, և նա մեզ խոսք է տվել, որ այս շարքը կշարունակի»: Մուշեղ Հովսեփյանի խոսքերով, Գոհար Մարտիկյանին հաջողվեց մեր հերոսների վրայից մաքրել մոռացության փոշին և նրանց նորովի ներկայացնել: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասիստենտ Դավիթ Սարգսյանն էլ պատմեց, որ Գոհար Մարտիկյանին վաղուց է ճանաչում, նա իր առաջին խմբագիրն է եղել: «Ես Գոհար Մարտիկյանից շատ բան եմ սովորել, այդ թվում նաև ակնարկներ գրել և կցանկանամ առանձնահատուկ նշել, որ նա այն սակավաթիվ հեղինակներից է, որը մեր հերոսների կյանքն ու ուղին կարողանում է ներկայացանել առանց ավելորդ պաթոսի և դեպրեսիայի»,- նշեց Դավիթ Սարգսյանը: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Հանրապետական խորհրդի համակարգող Երանուհի Կարապետյանը, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը: Հեղինակի գրքից հատվածներ ընթերցեց Անահիտ Նավասարդյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր