211652_close_icon
views-count70459 դիտում article-date 11:30 19-03-2019

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. երիտասարդ ամուսիններն ու նրանց մանկահասակ երեխաները հայտնվել են փողոցում. պատճառը հրդեհն է, որը մոխրակույտի վերածեց նրանց տունը. նրանց հույսը մարզպետը, պատգամավորն ու խոշորացված համայնքի ղեկավարն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 օր է, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակիչներ՝ ամուսիններ, 29-ամյա Հարություն Բադալյանն ու 28-ամյա Նարինե Բադալյանը իրենց 2 անչափահաս երեխաների՝ 5-ամյա Ալվինայի և 4-ամյա Մարիետտայի հետ հայտնվել են փողոցում։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 16-ին, գիշերը 22։30-ի սահմաններում ամուսինները խանությում գնումներ կատարելիս տեղեկանում են, որ դեռևս անհայտ պայմաններում տանը հրդեհ է բռնկվել։ Ահազանգում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ու մինչ կժամանեին հրշեջները՝ 2 մարտական հաշվարկով, կրակի տարածման ու կանխման դեմ փորձում են պայքարել ամուսիններն ու գյուղացիները։ Հրշեջների ժամանումն էլ անգամ չի փրկում, և ողջ տունը իր գույքով կրակի է մատնվում։ Ամուսինները սոցիալապես անապահով են, իսկ Հարությունն ունի առողջական խնդիրներ։ Այս պահին օրը մի բարեկամի տանն են գիշերում, անգամ չեն կարողացել կրակի ճիրաններից դուրս բերել իրենց ու երեխաների հագուստները։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մեծ ցավ ապրեցինք, երբ տեսանք, թե ինչպես կրակը կարճ ժամանակում մարդկանց տունը վերածեց մոխրակույտի։ Մնացել են առանց ապրուստի, առանց հագուկապի։ Ճիշտ է, Ճամբարակ վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ավետիսյանն ու Դպրաբակի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանը խոստացել են, որ ամուսիններին միայնակ չեն թողնի, իրենց հնարավորության սահմաններում ձեռք կմեկնեն նրանց։ Գյուղում կան բազմաթիվ տներ, որոնց սեփականատերերը վաճառում են դրանք, ու եթե մարզպետարանը օգնության ձեռք մեկնի խոշորացված համայնքի ղեկավար Վ. Ավետիսյանին, մի քիչ էլ օգնության ձեռք մեկնի մեր պատգամավոր Հայկ Սարգսյանը, ապա հնարավոր կլինի անդունդի եզրին հայտնված երիտասարդ ընտանիքին նոր կյանք տալ։ Ամուսինը, ինչքան էլ առողջական խնդիրներ ունենա, էլի իր աշխատանքով տունը կլցնի։ Խնդրում ենք թե մարզպետին, թե պատգամավորին, որ օգնության ձեռք մեկնեն, իսկ դա նրանք կարող են։ Միակ սփոփանքը նա է, որ լավ է՝ ամուսիններն ու երեխաները չեն տուժել»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ամուսիններին ավելի շատ հետաքրքրւում է իրենց բնակարանի հարցը, ապա երեխաները մանկան մաքրությամբ ասում էին. «Կրակը մեր խաղալիքներն ու մեր հեքիաթների գրքերը վառեց»։ Ու հիմա պատկան մարմինները կարող են բարի հեքիաթի հերոսի նման այս երեխաներին ուրախություն պարգևել։ ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղում տներն այնքան էլ թանկ չեն ու եթե բարի մարդիկ գտնվեն, հնարավոր է ամուսինների համար նոր տուն գնել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր