Արագածոտնի մարզպետը այցելել է «Ոսկեվազի Գինու Գործարան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այցելել եմ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գործող «Ոսկեվազի Գինու Գործարան», ծանոթացել եմ վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:
Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Գինու պատրաստման գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը պահպանել է միջնադարյան ժամանակաշրջանին բնորոշ տարրերը: Նորագույն մեթոդներով թողարկվող արտադրանքի կողքին շարունակվում են օգտագործվել դեռևս 19-րդ դարավերջին ստեղծված հին ավանդական կարասները:
Տեսականին ընդգրկում է դասական, մրգային, հնացրած և լիկյորային շուրջ 16 անուն գինիներ, որոնց արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են կաղնուց պատրաստած տակառները:
Շրջայց կատարելով մասնաշենքերով՝ գործարանի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը ինձ ներկայացրել է գործարանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները:
Նախագծի համաձայն՝ տարածքը դառնալու է ինքնատիպ, մշակութային զբոսաշրջային համալիր, որտեղ այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ գինեգործության ավանդույթներին, 19-րդ դարում կառուցված ստորգետնյա պահեստարանում ցուցադրվող գինու հավաքածուներին, Հայաստանի մասին օտար աղբյուրներում առաջին հիշատակություններին, միաժամանակ նրանք հնարավորություն կունենան մասնակցելու գինու համտեսին և կատարել գնումներ:
Նախատեսվում է աշխատանքների մի մասն ավարտել մինչև աշուն:
Գործարանի արտադրանքը այժմ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և իրացվում է տեղական շուկայում, սակայն առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել արտահանման ծավալները և արտադրանքն իրացնել շուրջ 15 երկրներում:
Ոսկեվազի գինիները ցուցադրվելով միջազգային էքպոներում՝ արժանացել են բազմաթիվ մրցանակների:
Ողջունել եմ նախաձեռնությունը և նշել եմ, որ ծրագրի իրականացումը նպաստելու է ոչ միայն Արագածոտնի մարզում գինու տուրիզմի զարգացմանը, այլև նպաստելու է համայնքի ճանաչելիության բարձրացմանը և տնտեսական ակտիվություն է հաղորդելու Ոսկեվազ համայնքին: Նաև ընդգծել եմ, որ գյուղական համայնքում աշխատատեղերի ստեղծումը և խաղողի մթերումը դրական կանդրադառնան բնակիչների կենսամակարդակի վրա:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ենք ձեռք բերել ենթակառուցվածքների ապահովումը կառավարության մասնակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ընդգրկելու հարցը քննարկելու և հետագա համագործակցության վերաբերյալ»: