211652_close_icon
views-count8184 դիտում article-date 11:20 05-03-2019

Այսօր Հայաստանի և Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, Նա կդառնար 60 տարեկան: Վ. Սարգսյանը եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-ից 1992 թվականներին և այնուհետև 1995-ից 1999 թվականներին: Նա նաև եղել է ՀՀ վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից քիչ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն: Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես հզոր գործիչ: Սատարելով Լևոն Տեր-Պետրոսյանին 1996 թ. ընտրություններում`ստիպեց նախագահին հեռանալ պաշտոնից 1998 թվականին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում և օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ: Սարգսյանը հիմնեց Երկրապահ կամավորական միությունը, որը միավորեց Հանրապետական կուսակցության հետ և դաշինք կնքեց նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ: 1999 թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց Ազգային Ժողովում: Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը: Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ: Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր: Չնայած տարբեր քննադատությունների, Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում: Սարգսյանին շնորհվել է Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։ «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»,- մի առթիվ ասել է Վազգեն Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր