Իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և խիստ. Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Մալյանի վրա հարձակման մասին
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին:
Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է. « Տեղեկացա «Ռեստարտ» խմբակի գիշերային «գործողության» մասին։
Կարճ։ (1) Դուք կատարել եք քրեական օրենսգրքով արգելված արարք։ (2) Դուք խախտել եք հանրային տաբու։
Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և օրենքի սահմաններում խիստ։
Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի:
Խոսքին պատասխանեք խոսքով, եթե ունեք ասելիք։ Է՞ս ինչ բան էր!!!»:
Երեկ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, ինչից հետո ինքը տարել են ոստիկանություն:
Ավելի ուշ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: