211652_close_icon
views-count2193 դիտում article-date 14:15 01-03-2019

ՀՔԾ-ն Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը մի դրվագով կարճել է, մյուսն ուղարկել ՔԿ

Հատուկ քննչական ծառայությունը հանրությանը «հաց բերող» բնորոշմամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը մի դրվագով կարճել է, իսկ մյուս մասով նորից ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Հատուկ քննչական ծառայությունը մի դրվագով կարճել է քրեական գործը, իսկ մյուս մասով նորից ուղարկել Քննչական կոմիտե»,-ասաց Օհանջանյանը: Այսպիսով` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին այդ գործի շրջանակներում ՀՔԾ-ն մեղադրանք չի առաջադրել, դրվագը կարճել է: Քննչական կոմիտեն արդեն ստացել է գործը և շարունակում քննությունը: ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից: Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերևի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Արթուր Սարգսյանի մոտ գրանցվել է քրոնիկական բրոնխիտի առկայություն, որի թարախային բնույթը հետագայում հաստատվել է 2017 թվականի մարտի 15-ին ` «Արմենիա» ԲԿ-ում ֆիբրոսկոպիկ ինտուբացիա կատարելիս: Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է թոքաբորբ, որի զարգացմանը կարող էր նպաստել շնչառական ֆունկցիայի խանգարմամբ ուղեկցվող «Բեխտերեւի» հիվանդությունը եւ որի առաջացման վաղեմությունը կազմում է մահվանից առնվազն` շուրջ 3- 4 օր առաջ: Քրեական գործով փաստական տվյալներ էին ձեռք բերվել առ այն, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող որոշ աշխատակիցներ Արթուր Սարգսյանի «Բեխտերեւի» հիվանդության և քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չէին իրականացրել, այսինքն` իրենց մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չէին կատարել։ Ուստիև, քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն:

Նմանատիպ նյութեր