Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանն աշխատանքային այց է կատարել Մառիի վելայաթի մարզկենտրոն Մառի քաղաք
Փետրվարի 26-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանն աշխատանքային այց կատարեց Մառիի վելայաթի մարզկենտրոն Մառի քաղաք:
Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան նահանգի հյաքիմ (մարզպետ) Դյովրանբերդի Աննաբերդիևի (Döwranberdi Annaberdiýew) և քաղաքի հյաքիմ (քաղաքապետ) Կակամըրատ Ամանմըրադովի (Kakamyrat Amanmyradow) հետ: Քննարկվել է ՀՀ և Թուրքմենստանի մարզերի և քաղաքների միջև ուղղակի կապերի հաստատման, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական բնագավառներում երկկողմ համագործակցության խորացման, տեղի հայ համայնքի դերակատարությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Պաշտոնական մասի ավարտից հետո դեսպանության պատվիրակության համար կազմակերպվեց ճանաչողական շրջագայություն դեպի Մառիի պատմաերկրագիտական թանգարան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված «Հնագույն Մերվ» պատմամշակութային արգելոց: Բայրամալիի հայտնի առողջարանի ղեկավարության հետ քննարկվեց հայկական կողմի հետ բուժական տուրիզմի զարգացման հնարավորությունները:
Այցի ավարտին ՀՀ դեսպանը հանդիպեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անդրադարձ կատարվեց դեսպանություն-համայնք կապերի ակտիվացման, Թուրքմենստանի մարզերում հայապահպանության խնդիրներին և այլն: Դեսպանության հյուպատոսական բաժնի պատասխանատուն պատասխանեց հանդիպման մասնակիցների կողմից հնչեցված հյուպատոսական բնույթի հարցերին: