211652_close_icon
views-count2247 դիտում article-date 15:59 26-02-2019

Վիեննայի առաջատար նվագախմբերի գլխավոր ֆագոտահարը տպավորված է Կամերային նվագախմբի հետ համագործակցությունից

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ փետրվարի 25-ին հանդես եկավ Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգային երեկոյին ներկայացվեցին Մոցարտի Ֆագոտի կոնցերտը, Սիմֆոնիա Nօ. 40, Վանհալի Կոնցերտ երկու ֆագոտի համար ստեղծագործությունները: Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր ղեկավարեց Կամերային նվագախումբը, նաև հանդես եկավ որպես ֆագոտահար: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը: Ծրագրի ընտրությունը Դերվոն բացատրում է հետևյալ կերպ. «Մենք ուզում էինք Շմավոն Գրիգորյանի հետ միասին ինչ-որ գործ նվագել, և Վանհալի այս Կոնցերտն իմ իմացած միակ գործն է երկու ֆագոտի համար: Դրանից հետո մտածեցի, որ Վանհալից բացի լավ կլինի ներկայացնել Մոցարտի գործից, քանի որ Մոցարտն ու Վանհալը ժամանակակիցներ են»: Դերվոն փաստում է՝ վերջին օրերին շատ մեծ աշխատանք են կատարել Կամերային նվագախմբի հետ, և, իսկապես, մեծ հաճույք էր ՀՊԿՆ-ի հետ հանդես գալը: Սոֆի Դերվոն նվագախմբի հետ համագործակցությունը որակում է որպես «հիանալի»: Փաստում է՝ առաջին անգամ չէ Հայաստանում, նախորդ տարի հունիսին է այստեղ հանդես եկել՝ կրկին Կամերային նվագախմբի հետ, բայց միայն որպես ֆագոտահար: Նշենք, որ Սոֆի Դերվոն 2015 թվականին է դարձել Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար: Ավելի վաղ՝ 2013-2015 թթ. աշխատել է Բեռլինի ֆիլհարմոնիկում: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, որպես մենակատար հանդես է եկել Վիեննայի ֆիլհարմոնիկ, Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ, Վարշավայի սիմֆոնիկ, Վիեննայի կամերային և այլ նվագախմբերի հետ: Հանդես է եկել Վիեննայի Մյուզիքվերայն, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Փարիզի Ֆիլհարմոնիկ և այլ համերգասրահներում, Տոկիոյի Սանտորի հոլում, Լոնդոնի Ալբերտ հոլում և Նյու Յորքի Կարնեգի հոլում: Վարպետության դասերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Նմանատիպ նյութեր