Դեսպան Բադալյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետի հետ. քննարկվել են փոխգործակցությանն առնչվող հարցեր
Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գառնիկ Բադալյանը փետրվարի 25-ին հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում առևտրի ոլորտը համակարգող փոխվարչապետ Չառը Գըլըջովի (Çary Gylyjow) հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում հնարավոր համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2019թ. կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև այդ համատեքստում դրա օրակարգի առևտրատնտեսական հատվածում ներառվելիք հարցերին:
ՀՀ դեսպանը խնդրել է աջակցել Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման, դրանց գործունեության ծավալման հարցերին:
Թուրքմենստանի փոխվարչապետը կարևորել է ինչպես երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, այնպես էլ գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը, ինչն արդյունք է երկու երկրների քաղաքական ղեկավարության և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների: