211652_close_icon
views-count8908 դիտում article-date 18:59 23-02-2019

Ազատամարտիկ, կամավորական ջոկատի հրամանատարը Արսեն Թորոսյանից օգնություն է ակնկալում

Ազատամարտիկ, Հյուսիսային Արցախի առաջին կամավորական ջոկատի ղեկավար Վալերի Խաչատրյանը [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի միջոցով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ Լսելով ՀՀ վարչապետի վերլուծական ելույթը (2018 թվականի հունիսի կամ հուլիսին էր) մինչ հեղափոխությունը առողջապահության նախարարությունում տիրած իրավիճակի մասին և պետական միջոցների վիթխարի չափերի հասնող յուրացումների վերաբերյալ հավաստի տվյալները, ինչը վարչապետի իսկ կարծիքով հեռու է ամբողջական պատկերը լինելուց, որոշեցի իմ կյանքում առաջին անգամ անձնական օգնություն խնդրել իմ կառավարությունից։ Համառոտ իմ մասին։ 1989-94թթ. մասնակցել եմ Արցախի ազատագրական պատերազմին։ Հյուսիսային Արցախի առաջին կամավորական ջոկատի ղեկավարն եմ եղել։ 1994 թվականի օգոստոսի 15֊ին եմ հանձնել ինքնաձիգս ու վերադարձել ընտանիք։ Մինչև պատերազմը աշխատել եմ Աբովյան քաղաքի դպրոցներում։ Մի քանի տարի անց աշխատանքի անցա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում , որտեղ էլ հիվանդացա և գլխի ծանր վիրահատության ենթարկվեցի։ Ուղեղիս ձախ կիսագնդի ուռուցքն է հեռացվել։ Տասնհինգ տարի հետո 2017 թվականին ստիպված էի կրկին պառկել վիրահատական սեղանին, այս անգամ նույն կարգի ուռուցք պիտի հեռացնեին ուղեղի մյուս կիսագնդից, ապրիլին երկու տարին կլրանա, որ գամված եմ անկողնուն և հաշմանդամի անվասայլակին։ Երկու վիրահատությունների բոլոր ծախսերը իմ հաշվին է եղել, մի մասը հոգացել են հարազատներս մյուս մասն էլ պարտք եմ վերցրել ծանոթ մարդկանցից։ Պարոն Փաշինյանի ելույթից հետո ինձ պարզ դարձավ թե ովքեր են իմ ընտանիքի Նյութական այսօրվա ծանր վիճակի պատճառը և թալանի ինչ մեխանիզմ է գործել։ Ասեմ նաև, որ ուղեգրով ներկայացել եմ վիրահատությունից առաջ անհետաձգելի նկարահանման, սակայն հերթագրել են, և միայն վիրահատությունից վեց ամիս անց հայտնել են, որ նկարահանվելու իմ հերթը հասել է։ Այս ամենը փաստերով պատրաստ եմ հաստատելու։ Երախտամոռ չլինելու համար ասեմ որ 95 հազար դրամ արժողության սայլակ է հատկացվել մեծ բյուրոկրատական քաշքշուկից հետո։ Պարոն նախարար հասկանում եմ որ ոչ մի իրավական մեխանիզմ չկա իմ և ինձ նման շատերի ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ Միակ խնդրանքս է, Ձեր և համապատասխան գերատեսչության միջոցով և օգնությամբ էլեկտրական շարժիչով հաշմանդամների համար նախատեսված անվասայլակ հատկացնեն առողջապահության նախարարության կամ մեկ այլ գերատեսչության հաշվին։ Գտնում եմ որ առողջ տրամաբանությանը հակասող չէ խնդրանքս և խորապես համոզված եմ որ այն չեք մերժի։ Լրացնեմ, որ ձեռքերս նույնպես պարալիզված են եղել և վերականգնվել են միայն մասնակիորեն, այլապես կբավարարվեի եղածով»։ Հարգանքներով՝ շարքային քաղաքացի Վալերի Խաչատրյան Քաղաք Աբովյան Հանրապետության պողոտա շենք 1/6 բնակարան 39. Հեռախոս 094 03 25 36

Նմանատիպ նյութեր