211652_close_icon
views-count5024 դիտում article-date 18:16 22-02-2019

Կոտայքի մարզպետն այցելել է «Մավաս Գրուպ» ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կարևորելով գործարար ոլորտը և պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է այցեր կատարել մարզի տարբեր ձեռնարկություններ, ուսումնասիրել գործարար միջավայրի ներկայիս վիճակը, ռեսուրսները, խնդիրները: Այս անգամ մարզպետն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրում գտնվող, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող «Մավաս Գրուպ» ընկերությունում, որը թարմ մրգերի և բանջարեղենի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից է: Մարզպետն ընկերության տնօրեն Արմենակ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է ջերմոցի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների թվաքանակին, արտադրանքի ներքին և արտաքին սպառման ծավալներին, մշակման գործընթացին: Մարզպետի դիտարկմամբ, աշխատանքային այս այցերը հնարավորություն են ընձեռում՝ հասկանալու գործարար ոլորտում մարզի պոտենցիալը և զարգացման հեռանկարները, իսկ այցերի նպատակը նաև այն է, որ Հայաստանի մասին ընկալումը սպառող երկրից վերափոխվի արտահանող երկրի: Ռոմանոս Պետրոսյանն օրենքի և իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն է հայտնել «Մավաս Գրուպ» ընկերության տնօրենին՝ ոլորտի զարգացման և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովման առումով: «Տեխնոլոգիական ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտը Կոտայքում զարգացման ահռելի պոտենցիալ ունի` մեր աշխարհագրական դիրքի, անզուգական ջրի ու կենարար արևի շնորհիվ։ Բնությունից օժտված այս առավելություններին կարող ենք վստահորեն ավելացնել նաև տարածքային կառավարման մարմինների անվերապահ աջակցությունը մեր տնտեսվարողներին` հանուն համախառն ներքին արդյունք ապահովելուն և ևս մեկ աստիճանով մարզում կյանքի որակը փոխելուն միտված հրամայականի» ,-ասել է Ռոմանոս Պետրոսյանը։ «Մավաս Գրուպ» ընկերությունը հիմնվել է 2011 թվականին: Ներկայում և սեզոնին ջերմոցային տնտեսությունում աշխատում են շրջակա բնակավայրերի 120-140 աշխատակիցներ՝ միջինը մինչև 150 000 դրամ աշխատավարձով: «Մավաս Գրուպ» ընկերությունը հանդիսանում է թարմ մրգերի և բանջարեղենի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկը: 20 հա ջերմոցային տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզում: Արտադրությունը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով: Ջերմոցները համալրված են նորագույն եվրոպական սարքավորումներով, որոնք, հիմնականում, ներմուծված են Նիդերլանդներից: Արտադրանքն արտահանվում է ԵԱՏՄ շուկա՝ հիմնականում ՌԴ: Այսօր Կոտայքի մարզի 11 համայնքներում գործող շուրջ 90 հա ջերմոցային տնտեսությունների ընդլայնման ծրագրերից բացի, ևս 17 հա ջերմոցների հիմնադրման աշխատանքներ են տարվում մարզի 4 այլ համայնքներում (Ակունք, Կամարիս, Արամուս և Ալափարս): Բոլոր չորս նախագծերի շահագործման մեկնարկը նախատեսված է մինչև 2019թ. տարեվերջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր