211652_close_icon
views-count1809 դիտում article-date 22:28 21-02-2019

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 20-ին ՀՀ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը՝ նվիրված Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը։ Երեկոյի ընթացքում ունկնդիրները վայելեցին Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուհաճյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Անդրեյ Բաբաևի, Վաղարշակ Կոտոյանի, Պետրոս Շուժունյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ հոբելյանական փառատոնը նախորդ տարիների յուրահատուկ ամփոփում է. համերգների ընթացքում կկատարվեն բոլոր այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց հոբելյաններին անցած 9 տարիների ընթացքում անդրադարձել է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Անդրադառնալով Ավետ Տերտերյանի հոբելյանին՝ Սերգեյ Սմբատյանն ասաց, որ Տերտերյանը մեր ժամանակների ամենասիրված ստեղծագործողներից է, ում շնորհիվ սիմֆոնիկ արվեստը յուրահատուկ է դառնում: «Երբ արտերկրում կատարում ենք Տերտերյանի ստեղծագործությունները, դրանք շատ լավ են ընդունվում: Նրա արվեստը մեզ թույլ է տալիս մտածել, որ մենք ունենք այնպիսի սիմֆոնիկ երաժշտություն, որ աշխարհը չունի: Նվագախմբի առաքելությունն այդ արվեստը ներկայացնելն ու տարածելն է»,- նշեց դիրիժորը: Նա նաև ընդգծեց, որ փառատոնը խնդիր է դրել հանրայնացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ թվում նաև՝ արտասահմանցի հայտնի մենակատարների միջոցով։ Փառատոնի շրջանակներում հնչել են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք նախկինում չեն կատարվել. 9 տարիների ընթացքում փառատոնը ներկայացրել է ավելի քան 100 պրեմիերա՝ ներգրավելով Հայաստանում գործող կոլեկտիվներին և կամերային անսամբլներին։ Սերգեյ Սմբատյանն առանձնացրեց նաև փառատոնի կարևորագույն առաքելությունը՝ թվայնացնել կոմպոզիտորների նոտաները՝ դրանք պահպանելով ապագայի համար։ Մաեստրո Սմբատյանը տեղեկացրեց նաև, որ յուրաքանչյուր տարի փառատոնի աշխատանքները և համերգների ծրագրերը քննարկում ու հաստատում է փառատոնի գեղարվեստական խորհուրդը: Փառատոնի բացման համերգը բարեգործական էր, և տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին։ Երեկոյի ընթացքում Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստ Ներսիսյանը, հանդիսատեսի երախտագիտության ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ՝ ծաղիկներ նվիրելով երգչուհուն։ Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի առաջիկա համերգը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Ծրագրում կհնչեն Տիգրան Չուհաճյանի, Առնո Բաբաջանյանի, Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Դենիս Շապովալովը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ [b] Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր