1315 դիտում
12:37 21-01-2015
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը
Հունվարի 20-ին խորհրդանշական մի վայրում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85-ամյակին։ Էդգար Հովհաննիսյան-ֆեստի շրջանակներում հանդիսատեսը կվայելի Է. Հովհաննիսյանի գործիքային-կամերային, դաշնամուրային և սիմֆոնիկ, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Փառատոնի բացման համերգի ընթացքում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի կամերային ստեղծագործությունները: Հանդես եկան ալտահարուհի Յանա Դարյանը, «Արս լունգա» դուետը (թավջութակահար Արամ Թալալյան, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյան), ինչպես նաև՝ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը (Մերի Մարգարյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ)։
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ Էդգար Հովհաննիսյանը հայ երաժշտարվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, ում արվեստի մեջ բովանդակալի կերպով ներկայացվում է ոչ միայն անձի ներաշխարհը, այլև Հայաստանը։ «Էդգար Հովհաննիսյանը ստեղծագործող է, ում երաժշտությունը դարձել է ժողովրդական»,- նշեց Արամ Սաթյանը։
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանն ընդգծեց, որ մենք մեծ երախտիք ունենք Էդգար Հովհաննիսյանի հանդեպ. «Այն ամենը, ինչ նա արել է մեր ժողովրդի, հայրենիքի, մշակույթի, երաժշտական արվեստի համար, իսկապես անգնահատելի է։ Նա թողել է հսկայական ժառանգություն։ Չկա որևէ երաժշտական ժանր, որին չի անդրադարձել Էդգար Հովհաննիսյանը։ Եվ այս հսկայական ստեղծագործական ժառանգության հետ միասին նա մեր հասարակական կյանքում մշտապես եղել է ամենաակտիվ դերակատարներից մեկը»։
Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համարեց մեծ իրադարձություն և նվեր երաժշտասեր հանրությանը։ «Փառատոնը մեր աշխատանքները վերագնահատելու ևս մեկ առիթ է։ Մենք կրողն ենք այն արվեստի, որ ստեղծել է Էդգար Հովհաննիսյանը, և պարտավոր ենք նրա սահմանած բարձր նշաձողը պահպանել բոլոր ուղղություններով։ Արվեստը կրթող ուժ է, և որքան շատ մեր երիտասարդությունն առնչվի այս կարգի արվեստի հետ, կդառնան դրա կրողն ու շարունակողը»,- ասաց Էդգար Գյանջումյանը։
Թավջութակահար Արամ Թալալյանը կարևորեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը. «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ամեն տարի մի մեծ համերգաշար նվիրում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, ընդգրկված են Հայաստանի և արտասահմանի լավագույն ուժերը։ Դա իսկապես մեծ ներդրում է մեր երաժշտական կյանքի մեջ»։
Ալտահարուհի Յանա Դարյանն էլ նշեց, որ շատ ջերմ հիշողություններ ունի Էդգար Հովհաննիսյանի մասին, միշտ սիրով է կատարում նրա ստեղծագործությունները։ Սոնատ մենանվագ ալտի համար գործը Յանա Դարյանը կատարում էր առաջին անգամ։ Նա նաև նկատեց, որ ինքը հաճախ է ներկայացնում ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության պահպանումն ու արժևորումն է: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը: Անցած 5 տարիների ընթացքում փառատոնի համերգային ծրագրերում ընդգրկվել են 100-ից ավելի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
22:28 21-02-2019
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1374 դիտում
22:57 24-03-2022
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը
Այս բաժնից
352 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
724 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում