211652_close_icon
views-count1324 դիտում article-date 16:05 20-02-2019

Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան. Նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր կսկիծ ու ցավ ապրեցի՝ ստանալով մեր ժողովրդի արժանավոր դուստր, ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան գույժը: Այս կորուստը չափազանց մեծ է Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան՝ մշտապես լինելով նրանց կողքին ու նրանց մեջ: Որպես արժանի զավակ իր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի, որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ ու բարերար, նրա մատուցած ծառայությունները Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին իրապես բացառիկ են իրենց ծավալներով ու բովանդակությամբ: Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Արցախը դարձան նրա հայրենանվեր գործունեության թիրախը, որոնց Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնը նվիրված մնաց մինչև իր կյանքի վերջը: Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության երկարամյա նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ ու պատվավոր անդամ, նա բազմաթիվ ծրագրեր նախաձեռնեց ու իրականացրեց թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում: Այդ Մեծ Տիկինն իր ընդգրկուն գործունեությամբ և հեղինակությամբ դուրս է գալիս ազգային սահմաններից և մեր ժողովրդին լավագույն կերպով ներկայացնում միջազգային մակարդակով: Համազգային կորստի այս ծանր պահին անկեղծ ու խորին ցավակցությունս եմ հայտնում Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնի ընտանիքին ու հարազատներին, եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին, զույգ թոռներին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, հոգաբարձուների խորհրդին և կիսում բոլորի վիշտը: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:

Նմանատիպ նյութեր