211652_close_icon
views-count923 դիտում article-date 13:23 15-02-2019

Իրապես կարևոր մշակույթ ձևավորվեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում. Տիգրան Մուկուչյան

«Առաջին անգամ, ըստ էության, Սահմանադրական դատարանում, նաև ԿԸՀ-ում որևէ վիճարկում չեղավ: Մենք չունեցանք սահմանադրական արդարադատության կարգով, նաև ընտրական հանձնաժողովներում արդյունքների վիճարկում: Սա խոսում է ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման և միաժամանակ ընտրական գործընթացի առավելագույն թափանցիկության մասին»,- նման գնահատական հնչեցրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Նա նշեց` նախկինում անգամ սահմանադրական վիճարկման փուլում ոչ միշտ է եղել պատշաճ ապացուցողական բազա: Եվ սահմանադրական կարգով ընտրական գործընթացի վիճարկումը Մուկուչյանը համարեց պարզապես ընդունված տրամադրության արտահայտման ձև: «Երբ ընտրական գործընթացը և նրա արդյունքները խնդիր չեն հարուցում քաղաքական ուժերի մոտ, նրանք ընդունում են այդ արդյունքները, դա հանգեցնում է սահմանադրական արդարադատության կարգով վիճարկումներ չունենալուն: Դա իրապես կարևոր մշակույթ էր, որ ձևավորվեց այս ընտրությունների արդյունքում»,- նշեց Մուկուչյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համաձայն:

Նմանատիպ նյութեր