211652_close_icon
views-count1235 դիտում article-date 23:05 14-02-2019

Երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց երկրամասում

Փետրվարի 13-ին Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Կարմիր խաչի կենտրոնակայանում տեղի ունեցավ 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին, ի թիվս այլոց, ավելի քան 20 կամավորներ, ովքեր 1988թ. ամիսներ շարունակ իրենց աջակցությունն էին ցուցաբերում Լենինականում, Սպիտակում և Ստեփանավանում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Ռայնլանդ-Պֆալց երկրամասի ներքին գործերի պետքարտուղար Ռանդոլֆ Շտիխը (Randolf Stich), Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանեանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը, ինչպես նաև երկրամասի խորհրդարանի՝ Լանդթագի անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Կարմիր խաչի երկրամասային կառույցի նախագահ Մանուել Գոնցալեսը: Այնուհետև ներկաներին դիմեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս, շնորհակալություն հայտնելով ներկա բոլոր կամավորներին և Գերմանական Կարմիր խաչին, նշեց, որ մարդասիրությունը սահմաններ չի ճանաչում, և այն, որ Գերմանական Կարմիր խաչն առ այսօր դեռ տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանում՝ ոչ միայն Գյումրիում և Սպիտակում, դրա վառ վկայությունն է: Միջոցառման ավարտին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը պատվոգրեր հանձնեց կամավորներին՝ ի նշան խորին շնորհակալության 1988թ. ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր