211652_close_icon
views-count1802 դիտում article-date 14:55 24-12-2018

Վաշինգտոնում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 19-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և դեսպանության աշխատակիցները ծաղկեպսակ տեղադրեցին Ամերիկյան Կարմիր խաչի կենտրոնակայանի պուրակում գտնվող ճարտարապետ Ֆրեդ Սողոյանի հեղինակած «Հայրենիք» հուշարձանի մոտ (բացվել է 1991 թվականին ի նշան երախտագիտություն ամերիկայի ժողովրդին` 1988թ. երկրաշարժից հետո Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար): Այնուհետև ՀՀ դեսպանությունում կայացավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին 1988թ. փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստան գործուղված Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս շրջանի և Ֆլորիդայի Մայամի քաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցներ, պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների բաժնի պետ Ալիշիա Էլիսոնը (Alicia Allison) ու Հայաստանի հարցերով պատասխանատու Մարինա Գրեյսոնը (Marina Grayson), պաշտպանության քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ զարգացման միջազգային գործակալության Արտաքին ճգնաժամերի աջակցության գրասենյակի ներկայացուցիչներ, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Մայքլ Լեմոնը (Michael Lemmon) և Ջոն Էվանսը (John Evans), ինչպես նաև` հայ համայնքի անդամներ: Դեսպան Ներսեսյանը երախտագիտություն հայտնեց ԱՄՆ կառավարությանն ու ամերիկահայ համայնքին Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Միջոցառմանը ցուցադրվեց նաև երկրաշարժից հետո ամերիկյան տարբեր կառույցների ու ամերիկահայ կազմակերպությունների կողմից Հայաստանին ցուցաբերված օգնության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմ: Դեսպան Ներսեսյանը աղետի գոտի գործուղված հրշեջներին ու փրկարարներին հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագրերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր