Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները այսօր Սոչիում կքննարկեն սիրիական ճգնաժամը
Սիրիական ճգնաժամն այսօր Սոչիում քննարկելու են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Օրակարգում 3 հիմնական հարց է՝ իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, իրավիճակը Իդլիբ նահանգում և Սիրիայի Սահմանադրության հարցը: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Սա այս ձևաչափով արդեն 4-րդ գագաթնաժողովն է լինելու:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր նաև երկկողմ հանդիպումներ է անցկացնելու իր թուրք և իրանցի գործընկերներ Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ:
Եռակողմ այս հանդիպման մասին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են իրենց վերջին հանդիպման ժամանակ՝ հունվարի 23-ին Մոսկվայում, հետո այն համաձայնեցել են նաև Իրանի նախագահի հետ:
Գագաթնաժողովի նախօրեին Անկարա էր մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, և նրա բանակցությունների օրակարգի հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր: