Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է. հիվանդանոցները գերհագեցված են և խնդիր ունեն հիվանդներին տեղափոխելու
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ «շտապօգնությունը» հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով:
Այս մասին Ն. Զոհրաբյանն ասաց այսօր՝ փետրվարի 11-ին, տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում:
«Վերջին 10 օրում ես անընդհատ ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք դիմում են «շտապ օգնություն», «շտապ օգնությունը» գալիս է ու կատեգորիկ հրաժարվում թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց: Պատճառաբանությունը հետևյալն է՝ զանգահարեք, եթե տեղ կա, կտեղափոխենք, հիվանդանոցները գերհագեցած են, և չտեղափոխելու պայմանավորվածություն ունենք: Ես փորձեցի այս տեղեկությունը ճշտել, պարզվեց, որ ճիշտ է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրին տեղյակ է։
Հորդորեց նախարարին քայլեր ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ: