211652_close_icon
views-count1841 դիտում article-date 10:48 08-02-2019

Պիտակների, վեճերի, «պայքարի» հիմքում մեթոդաբանական սխալ է ընկած․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պետք է խոստովանեմ, որ տարիքիս հետ իմ մեջ զարգանում է այն զգացողությունը, որ մենք բոլորս, ոչ միայն հայերս, այլև ամբողջ մարդկությունն իրար միջև ավելի շատ նմանություններ ունենք, քան տարբերություններ, և բացարձակապես խելամիտ չէ անընդհատ շեշտել և խորացնել այդ տարբերությունները: Պետք է ընդունել նաև մեր սեփական և ուրիշների թերությունները ու մեծ խնդիր դրանցից չսարքել: Մանավանդ, պետք է հանգիստ և սառնասիրտ լինել այն պարագայում, երբ այս կամ այն իրադարձությունը, երևույթը տարբեր ձևով է ընկալվում: Օրինակ՝ 2016 թվականի ամռանը մի խումբ զինված մարդիկ հարձակվեցին ՊՊԾ գնդի վրա և մարդ սպանեցին. հայերի մի մասին դա մի չքնաղ սխրագործություն է թվում: Ես այդպես չեմ կարծում: Հետո՞ ինչ. ոչ ես պիտի այդ մեծամասնությանը բնութագրեմ որպես բռնության ջատագովներ, ոչ էլ, հավանաբար, նրանք ինձ կպցնեն իշխանությունների (արդեն՝ նախկին) սպասարկուի պիտակը: Չկա մեր մեջ այդ անդունդը, ճակատագրական նշանակություն չեմ տալիս այդ տարբերությանը: Մյուս կողմից՝ չեմ «դրամատիզացնում» նաև պիտակները, վիրավորանքները, հուզական բնորոշումները՝ եթե որևէ մեկի սիրտը դրանից հովանում է, թող ասի ու գրի՝ ինչ ուզում է: Կամ՝ Հայաստանի տարբեր ղեկավարներ Արցախի հարցի լուծումները տարբեր ձևով էին տեսնում: Մի մասի հետ ես (կամ մեկ ուրիշ հայ) համաձայն եմ, մի մասի հետ համաձայն չեմ, բայց ղեկավարներից ոչ մեկին, ինչպես նաև համաձայնողներից կամ չհամաձայնողներից որևէ մեկին ես չեմ ցանկանում կպցնել «դավաճանի» պիտակը: Եվ դարձյալ. եթե կան մարդիկ, որոնց դուր է գալիս արտասանել «պարտվողական», «հող հանձնող», «Վասակ Սյունի» ձևակերպումները, ապա ինչո՞ւ մենք պետք է զրկենք նրանց այդ հաճույքից: Այսօր այդ պատմական էքսկուրսները կարող են ունենալ միայն մեկ բացասական հետևանք՝ կլարվեն Հայաստանի և Արցախի ներկայիս իշխանությունների հարաբերությունները: Էլ չասեմ, թե ում է դա ձեռնտու: Ինձ թվում է՝ այդ պիտակների, վեճերի, «պայքարի» հիմքում մեթոդաբանական սխալ է ընկած. մարդկանց, իրադարձություններին, երևույթներին մենք մոտենում ենք պատրաստի մտավոր սխեմաներով՝ դրանք դնելով նախօրոք պատրաստված «դարակների» մեջ: Միջին վիճակագրական մարդուն պակասում է անմիջական, ստեղծագործական, ոչ կանխակալ ընկալումը: Բերեմ մեկ այլ օրինակ. իմ սերնդակիցների մեծ մասը փնթփնթում է Ազգային ժողովի նոր կազմի հասցեին: Ես արդեն հասցրել եմ ծանոթանալ նրանցից շատերի հետ (հարցազրույց վերցնելու միջոցով): Տպավորություններս հիմնականում խիստ դրական են: Ամեն ինչում պետք է լավը տեսնել: Մանավանդ՝ այդ երիտասարդների»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր