211652_close_icon
views-count1705 դիտում article-date 16:10 07-05-2026

Դավթաշենից Զովունի տանող մոտ 400 մետր ճանապարհին առաջացած՝ այդ թվում «մարդաբոյ» փոսերի պատճառով շտապօգնությունը բուժառուին է հասնում 1 ժամ ուշացումով, իսկ վարորդներն էլ ամենավերջին խոսքերն են ուղղում պատասխանատուների հասցեներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ մայրաքաղաքում սկսվել են ճանապարհների փոսալցման, որոշ հատվածներում ասֆալտապատման աշխատանքները, ինչը շատ վարորդների քննադատական դոզան մի փոքր նվազեցրել է Տիգրան Ավինյանի ու վարչական շրջանի ղեկավարների նկատմամբ, բայց Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոտայքի մարզի Զովունի բնակավայր տանող մոտ 400 մետր երկարություն ունեցող ճանապարհին վարորդները երթևեկում են՝ ընթացքում ամենաքաղցր խոսքերն ուղղելով պատասխանատուների հասցեներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 7-ին, դարձյալ նույն բողոքներն ու քննադատական խոսքերն էինք լսում վարորդների կողմից, ովքեր արդարացիորեն ասում են, որ 21-րդ դարում մայրաքաղաքը մարզի հետ կապող մի քանի մետր ճանապարհը Երևանի քաղաքապետարանը չի կարողանում վերջնական ասֆալտապատել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ասում են՝ մենք Սովետից յան ենք տալիս ու գնում ենք դեպի Եվրոպա։ Սովետի ժամանակ եթե ասֆալտապատում անեին, մի 50 տարուց ավելի էդ ասֆալտը կշահագործվեր։ Հիմա Սովետի վրա խաչ են քաշել ու բռնել են Եվրոպայի ճանապարհը։ Հետաքրքիր է էդ Եվրոպայի ճանապարհ բռնելուց առաջ ուսումնասիրե՞լ եք, որ էնտեղ եթե նման պայմաններում մարդիկ երթևեկեին, ինչ կանեին էդ եվրոպական քաղաքների քաղաքագլուխներին։ Դուք մեզնից լավ գիտեք, չենք ուզում դա ասել։ Մենք միայն ասում ենք՝ կանոնավոր գույքահարկ ենք վճարում, փոխարենը ձեր ոչ սրտացավ գործունեության հետևանքով հարգելի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ավտոմեքենաները տեղափոխում ենք ավտովերանորոգման կետեր։ Մի՞թե դժվար է էս մի քանի մետր ճանապարհը վերանորոգեք։ Քարե դարում անգամ էս տեսակ ճանապարհ չէր լինի։ Կարծես թե ձեզ մոտ վարորդների, նույնիսկ հետիոտների նկատմամբ քար անտարբերություն սերմանված լինի։

 Հեսա մի ամսից Ազգային ժողովի ընտրություններն են ու վաղվանից քարոզարշավն է սկսվելու, ինչ երեսով եք գալու ու մարդկանցից քվե ուզելու։ Մեր պահանջն այդքան էլ անիրագործելի չէ։ Կարճ ժամանակի ընթացքում հնարավոր է մայրաքաղաքում վերացնել մարդաբոյ փոսերը, իսկ դրա համար ձեր սրտացավ մոտեցումը բավական է։ Բայց արդյոք հիմա գոնե էս ընտրությունների նախաշեմին վարորդներիս անակնկալ կմատուցեն ու գործ կանեք ի շահ քաղաքացու, դա ձեզնից է կախված։ Արդեն հոգնել ենք էս ճանապարհով երթևեկելուց։ Փոսեր անգիր գիտենք։ Ցերեկը դեռ ոչինչ, նկատելի է որ դիմացդ փոս է, այդ թվում խրամատ հիշեցնող։ Գիշերային ժամերին ավելի վտանգավոր է այդ հատվածով երթևեկելը։ Եկեք քարը փեշներիցդ թափեք ու մտածեք էս ժողովրդի մասին, թե չէ գիտեք՝ ժողովուրդը որ բարկացավ, որոշ չինովնիկների վրա ոչ թե խաչ է քաշելու, այլ մի քանի տոննա քար։ Հետո չասեք թե ժողովուրդն ինչու է մեզ քննադատում։ Իսկ մենք վստահ ենք՝ մեր արածն առողջ քննադատությունն է»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր