211652_close_icon
views-count1748 դիտում article-date 09:01 07-02-2019

Ուշագրավ շեշտադրումներ կառավարության ծրագրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի նախագիծը: Միաժամանակ, կառավարությունը երեկ որոշեց մինչև փետրվարի 8-ը ծրագրի վրա որոշակի խմբագրական աշխատանքներ կատարել ու միայն դրանից հետո ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով 71 էջանոց այս փաստաթուղթը, ուշագրավ փաստ արձանագրեց. այն գրեթե ամբողջությամբ կրկնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախորդ ծրագիրը, որ թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ. հունիսին, ներկայացվել էր ԱԺ: Պարզապես նոր ծրագիրը գրված է առաջիկա հինգ տարիների համար, ու կան նախանշված կոնկրետ ցուցանիշներ երկարաժամկետ կտրվածքով, օրինակ՝ տնտեսական աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս: Միաժամանակ նկատենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում մի քանի ուշագրավ շեշտադրում կա. «Կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ․․․ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը․․․ Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը` որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»: Փոխարենը կառավարության ծրագրում որևէ խոսք չկա հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, թեև Փաշինյանը կողմ է արտահայտվել այդ երկրի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Կառավարության ծրագրում միայն նշված է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլերի մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր