211652_close_icon
views-count1197 դիտում article-date 11:22 05-02-2019

Քննարկվել են վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ երկուշաբթի տեղի է ունեցել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի քննարկում: Այն կազմակերպել էր ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներ, փաստաբանական համայնքի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Արթուր Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ հանրային վերահսկողությունը տարբեր ոլորտներում բարձրացնելուն ուղղված կառավարության քաղաքականության համատեքստում, Արդարադատության նախարարության այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել հասարակության վերահսկողական դերը նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման իրավաչափության հարցում: Փոխնախարար Հովհաննիսյանը, անդրադառնալով օրենքի նախագծով նախատեսվող որոշ փոփոխությունների, նշել է, որ նախագծով ընդլայնվել է վերահսկողության ենթակա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի և դրանք վիճարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, սահմանվել է այս վարույթի առավելագույն ժամկետը, հստակեցվել են կայացվելիք դատական ակտի իրավական հետևանքները, և լուծվել են քննարկվող վարույթին առնչվող մի շարք այլ հիմնախնդիրներ: Որպես կարևոր փոփոխություն՝ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս վարույթի նախաձեռնման իրավունքով նախագիծն օժտել է նաև հասարակական կազմակերպություններին և դատարաններին: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ քննարկումը կլինի արդյունավետ և լրամշակված նախագծի վերջնական տարբերակն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, նշել է, որ նախարարությունը քաջատեղյակ է վարչական դատավարության ոլորտում առկա խնդիրներից և հետևողական՝ դրանց վերացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հարցում, որին է ուղղված նաև քննարկվող նախագիծը: Աշխատանքային քննարկման ընթացքում դրա մասնակիցների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնց հիման վրա նախագծերը կենթարկվեն լրամշակման:

Նմանատիպ նյութեր