211652_close_icon
views-count2034 դիտում article-date 22:37 01-02-2019

Տրանսպորտ, աղբահանություն, քաղաքաշինություն. Երևանն ու Իլ դը Ֆրանսը խորացնում են համագործակցությունը

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման, աղբահանության խնդրի կարգավորման և քաղաքաշինական ծրագրերով Երևանը կհամագործակցի Իլ դը Ֆրանսի հետ: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակության անդամները: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի՝ համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան: Կարևորելով երկկողմ համագործակցության ընդլայնումը՝ Հրաչյա Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մասնագետների այցը կնպաստի նշված ոլորտներում խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: «Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև ստորագրված ճանապարհային քարտեզը գործակցության լայն շրջանակ է ներառում: Մեզ համար այսօր առաջնահերթ խնդիրներն են տրանսպորտի բարեփոխումները, աղբահանությունը, այդ թվում նոր աղբավայրի կառուցումը, նաև քաղաքաշինական որոշ հարցեր: Գիտեմ, որ այս կարճ ժամանակահատվածում հասցրել եք որոշ չափով ծանոթանալ Երևանի հիմնախնդիրներին և քաղաքային իշխանության կողմից իրականացվող ծրագրերին: Համագործակցությունն առավել առարկայական դարձնելու համար կցանկանայի ծանոթանալ փորձագիտական գնահատականներին»,-ընդգծել է Հրաչյա Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման և գործնական զրույցի համար՝ պատվիրակության անդամները նկատել են, որ այն ցույց է տալիս համագործակցության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը: Անդրադառնալով աղբահանությանը՝ հյուրերը նշել են, որ, չնայած այս մասով գոյություն ունեցող խնդիրներին, քաղաքն իր մաքրությամբ հասցրել է զարմացնել: Քաղաքաշինության ոլորտում մատնանշվել է օրենսդրական լրացուցիչ կարգավորումների և նոր մոտեցումներով գլխավոր հատակագիծ ունենալու անհրաժեշտությունը: Ֆրանսիացի փորձագետներն առաջարկել են նաև ներդնել քաղաքային խնդիրները, ռազմավարությունն ու լուծումներն արտացոլող ընդհանուր համակարգ: Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ծրագրված է տեղեկատվական ընդհանուր բազայի ստեղծում: Քաղաքապետի առաջին տեղակալը հույս է հայտնել, որ այցի արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի փոխգործակցությունն առավել առարկայական դարձնել: Պատվիրակության անդամներն իրենց հերթին փաստել են, որ աշխատաոճերի համադրությամբ առաջիկա մի քանի տարում հնարավոր է էական արդյունքներ ունենալ: Ֆրանսիական կողմը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ կներկայացնի իր առաջարկներն ու մեթոդները: Առաջիկայում կսահմանվի համագործակցության քայլերի հաջորդականությունն ու կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ:

Նմանատիպ նյութեր