2227 դիտում
21:48 01-02-2019
ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը
ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը:
ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը (այսուհետ՝ բազային ֆինանսավորում) սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:
Մինչ այժմ ամեն տարի ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար է հատկացվել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին, որն էլ Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի համաձայն՝ ֆինանսավորել է այս կամ այն հաստատությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանումը և զարգացումը.
ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառացվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն, այսինքն՝ կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ:
Գիտական և գիտատեխնիկական ծախսային ծրագրում նշված է, որ պետությունը ֆինանսավորումն իրականացնում է դրամաշնորհի ձևով, իսկ հիմնադրամների մասին օրենքում նշվում է, որ հիմնադրամին պետությունը դրամաշնորհի ձևով ուղղակի ֆինանսավորում չի կարող հատկացնել, պետք է մրցույթ հայտարարվի, այսինքն՝ բոլոր այն կրթական և գիտական գործունեություն իրականացնող հաստատությունները, որոնց իրավակազմակերպական ձևը հիմնադրամն է, պետք է մրցութային կարգով ստանան ֆինանսավորում: Ընդ որում՝ այս պահի դրությամբ դեռևս հայտնի չեն մրցութային կարգի պայմանները:
Այս առիթով ԵՊՀ-ում եղել են բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հայտնել են իրենց դիրքորոշումը՝ ասելով, որ որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այսօր ԵՊՀ գիտխորհուրդը հայտնել է իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Մեծարգո պարո՛ն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը (այսուհետ՝ բազային ֆինանսավորում) սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:
Կառավարության նշված որոշման ազդեցությունը և դրա կիրարկման արդյունքում գիտության ոլորտում կանխատեսվող խնդիրները մանրամասնորեն քննարկվել են ԵՊՀ գիտական խորհրդում: Ամփոփելով քննարկման արդյունքները՝ հայտնում ենք հետևյալը.
ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը հակասում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին, որով սահմանվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերի սպառիչ ցանկը (բազային ֆինանսավորում, նպատակային-ծրագրային ֆինանսավորում, պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում) և դրանց տրամադրման կարգը: Նշված հոդվածով հստակ սահմանվել է, որ նպատակային-ծրագրային ֆինանսավորումը և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը տրամադրվում են մրցութային հիմունքներով, իսկ բազային ֆինանսավորումը մրցութային կարգով տրամադրելու իրավական հիմքերն օրենքում իսպառ (նաև իրավամբ) բացակայում են: Առավել անհասկանալի է այն, որ Կառավարության որոշմամբ մրցութային ընթացակարգի կիրառման անհրաժեշտությունը պայմանավորվել է գիտական կառույցի կազմակերպաիրավական ձևով (կախված այն հանգամանքից՝ տվյալ հիմնարկը ՊՈԱԿ է, թե hիմնադրամ): Մինչդեռ հիմնադրամի կարգավիճակ ունեցող գիտական հիմնարկներն են, որ ապահովում են հանրապետության տարեկան գիտական արդյունքի կեսից ավելին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվել կամ գործել է՝ հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:
Նման իրավակարգավորման պայմաններում ակնհայտ է, որ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, հակասում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին և այդ հիմքով ենթակա է անվավեր ճանաչման:
Միաժամանակ հարկ է նկատել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու, գիտահետազոտական ենթակառուցվածքները, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտները պահպանելու և զարգացնելու համար պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորումը պետք է լինի երկարաժամկետ և կանխատեսելի: Իսկ դրամաշնորհային ծրագրերի մրցութային ֆինանսավորման գործիքակազմը պետության կողմից վաղուց կիրառվում է և լրացուցիչ խթան է գիտության կոնկրետ դպրոցի կամ ոլորտի զարգացման համար:
Հայաստանի Հանրապետության գիտական կառույցներում բազային ֆինանսավորմամբ գործում են բազմաթիվ գիտական կենտրոններ, որտեղ աշխատում են անվանի և միջազգային ճանաչում ունեցող վաստակաշատ գիտնականներ, որոնք այդ հաստիքները զբաղեցնում են մրցութային կարգով (3-5 տարի ժամկետով): Հետևաբար, առանց պատշաճ իրավական հիմնավորման, գիտական դպրոցների կարիքների գնահատման, մրցույթի անցկացման գործուն մեխանիզմների ներդրման և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանման, այսօրինակ փոփոխությունների կատարումը վաղաժամ է, և մեր խորին համոզմամբ, այն լրջորեն կխոչընդոտի գիտության զարգացման շարունակականության ապահովմանը, կհանգեցնի գիտական ոլորտում գործազրկության և գիտական կադրերի արտագաղթի աճի: Բացի դրանից՝ բուհերում մշտապես գործող գիտական ենթակառուցվածքի առկայությունը ժամանակակից կրթական գործընթացի հաջող իրականացման կարևորագույն նախապայման է, ինչն ապահովում է կրթություն-գիտություն անմիջական կապը և հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին հաջողությամբ ներառելու գիտության բնագավառ:
Ինչ վերաբերում է պետության կողմից բազային ֆինանսավորման միջոցների ծախսման արդյունավետությունը վերահսկելու մեխանիզմների կատարելագործմանը, այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ ներկայումս գործում է փորձաքննության ինստիտուտը, որն իրականացվում է գիտական հիմնարկի կողմից ներկայացված տարեկան գործունեության հաշվետվությունների և հայտերի հիման վրա, և որի արդյունքում որոշվում է շարունակել կամ դադարեցնել տվյալ ծրագրի բազային ֆինանսավորումը: Արդյունավետության գնահատման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը համարում ենք հիմնավորված և պատրաստակամ ենք ակտիվորեն մասնակցելու այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, և 2019 թվականի համար գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը տրամադրել մինչ օրս գործող ընթացակարգի համաձայն (ինչը թույլ կտա իրականացնել դեռևս 2018 թվականին հաստատված գիտական պլանը):
Միաժամանակ առաջարկում ենք «Գիտության մասին» նոր օրենքի նախագիծ մշակելու, գիտության ոլորտում առողջ մրցակցային դաշտ ձևավորելու, ինչպես նաև գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերի փոփոխություն կատարելու, ներառյալ՝ մրցութային ընթացակարգեր սահմանելու և դրանց անցկացման մեխանիզմները բարեփոխելու նպատակով ձևավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով բուհերի և գիտական հիմնարկների փորձառու մասնագետներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1366 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
970 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար