211652_close_icon
views-count2359 դիտում article-date 23:16 30-01-2019

Քննարկել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից պատրաստվող վերլուծությունը Հայաստանի տնտեսության ոլորտների կառուցվածքի վերաբերյալ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ նախորդող քննարկումները եղել են խիստ արդյունավետ և օրակարգում ներառված հարցերը դրանց շարունակությունն են։ Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները, նոր պայմաններ են ստեղծում ցանկալի արդյունքներին հասնելու համար։ «Այս ակնհայտ առավելություններն անհրաժեշտ է կապիտալիզացնել և օգտագործել, քանի որ ներդրողների կողմից, իսկապես, կա հետաքրքրվածություն։ Եվրամիությունն, իր հերթին, պատրաստակամ է աջակցել իրականացվող բարեփոխումներին»,-նշել է նա: Նախարար Խաչատրյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է ներդրողների համաժողով կազմակերպելու հեռանկարը, որն, ըստ կողմերի՝ կարող է երկխոսության և առաջարկությունների ներկայացման արդյունավետ հարթակ դառնալ՝ հնարավորություն ընձեռելով նպատակներից անցնելու գործնական քայլերի։ Անդրադարձ է եղել նաև համաժողովի անցկացման հետ կապվածայլ հարցերի։ Տիգրան Խաչատրյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից պատրաստվող վերլուծությունը Հայաստանի տնտեսության ոլորտների կառուցվածքի վերաբերյալ, որի հիման վրա կկազմվի ներդրումների կարիքների ուղեցույց՝ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Նախարար Խաչատրյանը նշել է, որ խիստ կարևոր են մեծ փորձառություն ունեցող պրոֆեսիոնալ այդ կառույցի դիտարկումները առկա իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրվելիք գերակա ուղղությունների շուրջ առաջիկա քննարկումները և ձեռնարկվելիք միջոցառումները։ Նախարարը կարևորել և գնահատել է Եվրամիության կողմից տրամադրվող և՛ տեխնիկական և՛ բյուջետային աջակցության գործընթացը և հայտնել, որ այն շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղդրիչը. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով կշարունակվեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ինչպես նախկինում սկսված բարեփոխումները, այնպես էլ կնախաձեռնվեն նոր՝ արդիական և իրավիճակին համահունչ բարեփոխումներ: ԵՄ պաշտոնյայի խոսքով՝տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարևոր դեր ունի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրերի ներքո ընթացող գործընթացների համակարգման և ապահովման հարցում, և ԵՄ կողմն ակնկալում է ծրագրերի վերջնական հաստատման ընթացակարգերի վերանայում, պարզեցում և արագացում: ԵՄ պատվիրակները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ EU for Business ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող նախագծերին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ենթակառուցվածքների ծրագրերին առնչվող հարցերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր