2145 դիտում
12:31 28-01-2019
Զոհրաբ Մնացականյանը Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցը պրակտիկ խնդիր է համարում
Հայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և հավելեց, որ սրա շուրջ են եղել ու մնալու իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բանակցությունները: «Մենք ունենք մեր գերակայությունները ու չկա և չի եղել որևէ բան, որ դուք չիմանաք»,- նշեց Մնացականյանը:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ նորից բանակցությունների կողմ դառնալու հարցին, Մնացականյանն ասաց, որ դա հետևողական աշխատանք է: «Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե հիմա նման բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է»,- շեշտեց նախարարը:
Խոսելով խաղաղության նախապատրաստելու հայտարարության մասին՝ Մնացականյանն ընդգծեց, որ զարմացած է հասարակությունում պարտվողականության տրամադրությամբ:
«Այն, ինչ ասված է մեր, մյուս կողմի և համանախագահների հաղորդագրությունների մեջ, շարունակական, հետևողական քաղաքականություն է: Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր, քանի որ անհնար է մի կողմից խաղաղության համար բանակցել, իսկ մյուս կողմից՝ թշնամության կամ առավել ևս մեծացնել էսկալացիոն լարվածությունը: Մենք որևէ կերպ չենք շեղվել այն հարցերից, ինչ ասել ենք: Մեր դիրքորոշման մեջ որևէ շեղում երբեք չի եղել, երբ մենք ընդգծել ենք այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, խաղաղ բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:
Հունվարի 16-ին Փարիզում անցկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով: Հունվարի 16-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպումների արդյունքներով համատեղ հայտարարություններում նշվել է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
747 դիտում
14:58 02-12-2015
ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրեց բանակցությունների սեղանի շուրջ
2336 դիտում
16:42 17-12-2016
Դամասկոսը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Այս բաժնից
1045 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1003 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան