211652_close_icon
views-count15530 դիտում article-date 18:18 25-01-2019

Կյանքի հայելի և մարդաբանության դասագիրք է երաժշտությունը. Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առիթով նշանավոր երաժշտի հետ զրուցում է [url=https://armenpress.am/arm/news/961914.html?fbclid=IwAR0Ad-eFyvFl0C3Jcxjx30axD0nwbH5P3XXfDTgOaHspg4MA8w2M8vlq3UQ]«Արմենպրես»[/url]-ի խմբագիր Հովհաննես Այվազյանը: «Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ...» Տիգրան Մանսուրյան - [b]Պարոն Մանսուրյան, «Արմենպրես»-ի հազարավոր ընթերցողների՝ ձեր երաժշտության երկրպագուների անունից շնորհավորում եմ ձեզ ձեր հոբելյանի առթիվ։ Փորձենք թերթել նշանակալից իրադարձություններով հագեցած ձեր կյանքի ամենակարևոր էջերը և որոշ չափով գնահատել, ի մի բերել արվածն ու անելիքը, ապրվածն ու դեռ ապրվելիքը… Կարո՞ղ ենք հայրենադարձությունը համարել ձեր մանկության գլխավոր իրադարձությունը` թեկուզ և ոչ միանշանակ. մի կողմից` ընտանիքի վերադարձը հայրենիք, պատմական արմատներին, մյուս կողմից` խաղաղ, տաք, ընտել Բեյրութից հետո ետպատերազմյան կիսասոված, սառնաշունչ Արթիկ, Պեմզաշեն…[/b] - 47 թվի աշնան վերջին ընտանյոք հայտնվեցինք Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում... Ձյուների միջով հասա դպրոց։ Բոլոր կողմնորոշումները կորցրած մոլոր տղա էի, մինչ այդ ոչ ձյուն էի տեսել, ոչ ետպատերազմյան սով, ոչ խուլ գյուղ ու այդքան անծանոթ միջավայր։ Մոտեցա դպրոցի միահարկ շենքին։ Գլխահակ։ Ոտք դրեցի սանդղահարթակի առաջին աստիճանին, երկրորդին, երրորդից հետո հարթակն էր և դպրոցի միջանցք տանող դուռը։ Մտա ներս։ Երբ աչքերս սովորեցին մթությանը՝ միջանցքի աջ ու ձախ պատերին տեսա ուրիշ տեսակ մարդկանց մեծադիր դիմանկարներ։ Ենթադրում եմ, որ Մաշտոցն ու Աբովյանը, Պուշկինն ու Թումանյանը և նրանց նմաններն էին... Մի քանի վայրկյան հետո հայացքս իջեցրի նրանց դեմքերից և չեմ կարող գոյացած զգացումս հետագա կյանքի ծրագիր համարել, բայց այդ պահը եղավ դեպի այդ ուրիշ տեսակ մարդկանց աշխարհը ձգտելու սկիզբ։ Դա փառքի հասնելու ճամփան բռնել չէր, դա ինձ համար ելք էր դաժան իրականությունից, որում հայտնվել էի։ Այս դրվագը մշտապես ինձ հետ է, կյանքիս այս մի քանի վայրկյանները չափազանց հստակ եմ հիշում, և դրանք կարող են արթնանալ իմ մեջ ուզած ակնթարթի։ Այդ օրից անցած յոթանասուն և ավելի տարիների իմ բարձունքից միստիկ այդ պահը ներկայանում է ինձ իբրև անքննելի ու առեղծվածային մի խորհուրդ։ Երկար ու ձիգ տարիների անցնելիք ճանապարհիս առաջին քայլը պիտի դառնար դա՝ ճակատագրի պես որոշակի, վերևից իջած պայծառացում իբրև։ Դպրոցի միջանցքի այդ մի քանի միստիկ վայրկյանները իմ ամեն օրն են, երբ արթնանում եմ Կոմիտասի, Չարենցի և այն աշխարհում ապրող՝ ինձ հոգեհարազատ մյուս անունների հետ... Եվ ամեն օրս սկսվում է այս ընտանիքի հետ հարաբերվելու պայմանով։ - [b]Ձեր առաջին շփումը երաժշտության հետ: Դուք հաճախ եք կրկնում, որ նախնական երաժշտական կրթություն չունեք, նոտաներ, սոլֆեջիո, մասնագիտական տարրական գրագիտություն սովորել եք ինքնուրույն: Այնուհետև՝ Լենինականի երաժշտական ուսումնարան, Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարան, Կոմիտասի անվ. կոնսերվատորիա… Ինչպե՞ս ծնվեց կամ արթնացավ սերը դեպի երաժշտությունը:[/b] - Շատ փոքր էի, բեյրության մեր բակից դուրս էի գալիս փողոց, գնում նպարեղենի խանութ։ Ճանապարհին դրացիներից մեկի պատուհանն էր, և այնտեղից հորդում էր ռադիոյով հնչող երգը։ Ես անցնում էի այդ երգի միջով։ Մի քանի քայլ հետո հաջորդ պատուհանն էր, այստեղից ուրիշ երգի հնչյուններ էին գալիս դեպի ինձ։ Այսպիսով, մինչև խանութ հասնելս մի երգից մյուսն էի մտնում։ Ետ գալս էլ երգի ճանապարհ էր։ Այդ երգերից մի քանիսը մինչև հիմա հիշում եմ՝ մեղեդիներով, բառերով։ Մեր տանն էլ երգ կար։ Հայրս այն տարիների Բեյրութի հայկական հավաքատեղիներում, դրացիների հավաքներում մշտապես սիրված երգեցիկ ձայնն էր։ Մեր ընտանիքի վեց անդամներով մենք միշտ ապրել ենք երաժշտության ներսում՝ տանը երգելով, դրսում ուրիշների երգը լսելով։ Այսպիսի տևական հավատարմություն մենք մեր տանը մեկ էլ ունեցել ենք հայերենի՝ հայոց լեզվի նկատմամբ։ Հետո գալիս էին տոկալը, հումորը, պարտականություններին, աշխատանքին տրվելը։ Ավանդական արժեքներով ապրող սովորական հայ տուն ենք եղել։ Եվ այստեղ երաժշտությունը ապրվող կյանքի թևակից ընկերն էր՝ նախաստեղծ և ոչ դրսից հայտնված։ Ինչպես որ մենք՝ վեցս, իրար էինք սիրում, այդպես էլ վեցով երաժշտությունն էինք սիրում։ Ես հիմա էլ կարող եմ երգել մորս՝ ինձ երգած օրորոցայինը, և այդ մեղեդին հիմա էլ է հուզում ինձ, երբ ներքին լսողությամբ էությանս է հասնում մորս ձայնով հնչող «Քնի՜ր, մանկիկ, քնի՜ր...» բառերի հետ... Շատ հուզիչ է... Օ՜ֆ... -[b] «Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ...»։ Գրեթե քառասուն տարի առաջ այսպես եք ասել ձեզ հետ վարած իմ զրույցում։ Եթե այսօր նորից տայի, ինչպե՞ս կպատասխանեիք «Ինչ է ձեզ համար երաժշտությունը» հարցին։[/b] - Երաժշտության հետ ապրելու այս երկար տարիների ընթացքում ես նրանից այնքա՜ն բան եմ սովորել։ Սովորել եմ ինձ հայտնաբերել... Սովորել եմ ինձ հայտնաբերել շերտ-շերտ, հնարավոր հստակությամբ ճանաչել դեպի հնչյունների արվեստ եկող մարդկային որակները, դրանց ներսի կայունը, ամուրը, փխրունը, զուսպը, պարկեշտը և այս կարգի բաներ։ Դրանք գործի սկզբում մարմին են առնում մի բուռ հնչյունների հարաբերությունից՝ հասնելու մինչև դրամատուրգիական կառույց և կոմպոզիցիոն ամբողջություն։ Այս արժեքների մարդկային խորհուրդն ինձ համար առավել ճանաչելի է դարձել, երբ ձգտել եմ հասնել իրենց ձևակերպմանը երաժշտության մեջ։ Եթե կուզեք, կյանքի հայելի և մարդաբանության դասագիրք է երաժշտությունը, որ շարադրել են Արևելքի և Արևմուտքի դասականները, մեր եկեղեցու ծառաները... Եվ երբ իմ ապրող լռության ապակուն խազագրում եմ իմ իմացած մարդաբանությունը, գնում եմ ինքնաճանաչման ճանապարհով՝ մարդ ճանաչելու ճանապարհով... Մի ուրիշ անգամ կքննարկենք նաև գեղեցիկի հարցեր... - [b]Ո՞րն եք համարում ձեր առաջին լուրջ ստեղծագործությունը. «Պարտիտա՞ն», արդյոք, որ գրել եք մոտ հինգուկես տասնամյակ առաջ՝ ուսանողական տարիներին, Քուչակի խոսքերով գրված չորս հայրե՞նը (1967)... [/b] - Թող ժամանակն ու ունկնդիրը որոշեն։ «Պարտիտան» կարևոր ծնունդ եղավ ինձ համար։ Երկու տարի հետո «Չորս հայրենները» ծնվեցին։ Նվագախմբային այն գործում ուրիշ՝ համադրումներից, սինթեզումներից եկած կարողություններ հայտնվեցին, հայրենները այլ էին։ Այնտեղ հոծ հնչողություն պարունակող նվագի եռանդն էր, հայրեններում՝ հայերենի թանձր ու շլացուցիչ հնչերանգները։ Վերջերս աչքովս ընկավ Իսահակյանի մի գրառումը, ահա այն. «Հայոց լեզուն առնական է շնորհիվ իր շատ բաղաձայնների»։ Ի՜նչ խորը խորհուրդ հայերենի մեջ ապրող երաժշտի համար։ Ո՜ւր էր, թե մեր երգիչ-երգչուհիներից ոմանք իրենց երգեցողության մեջ բաղաձայններ հստակ արտաբերել, պայթեցնել կարողանային՝ արդյունքում կայացնելու համար հայոց լեզվի առնականությունը։ - [b]Մաեստրո, ձեր գործունեության մեջ բավական հաճախ եք դիմել հայ և համաշխարհային գրականությանը: Վոկալ շարքեր եք գրել Շնորհալու, Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Լորկայի, Կ. Զարյանի, Դավոյանի, այլ հեղինակների բանաստեղծությունների հիման վրա, բալետ` ըստ Անդերսենի «Ձյունե թագուհի» հեքիաթի: Ավստրալիայում կայացած քրիստոնյաների համաշխարհային վեհաժողովի օրհներգի (լատիներեն) հեղինակն եք, դարձյալ լատիներեն տեքստով հեղինակել եք արդեն միջազգային ճանաչման արժանացած «Ռեքվիեմը»… Ինչպես տեսնում ենք, գրականության հետ ձեր կապն առ այսօր ամուր եք պահում ոչ միայն որպես սոսկ մոլի ընթերցասեր:[/b] - Բանաստեղծություններ սկսել եմ գրել դեռևս երկրորդ դասարանում։ Թող ներվի ինձ ասել՝ այդ վատ սովորությունը տևեց մինչև 1969 թվականը, երբ արդեն երեսուն տարեկան էի։ Այդ տարիներին երաժշտություն գրելու ճանապարհը ես անցնում էի մեծ հաղթահարումների գնով։ Եվ մի օր ինքս ինձ ասացի. «Քո բանաստեղծություն գրելը վայրկենական բռնկումի արդյունք է, արագ գրում ես ու ասում՝ եղա՛վ»։ Այդ օրն, ուրեմն, ինքս ինձ ասացի. «Հաղթահարելու դիմադրությունը, որ անցնում ես երաժշտություն գրելիս, քո տարիքի տղաներն անցնում են բանաստեղծություն գրելիս։ Դու վերջ տուր այդպես հեշտորեն բանաստեղծելու «վատ սովորույթին», այդ գործը թող անեն նրանք, ովքեր կարող են նույն բանաստեղծության քանի՜-քանի տարբերակներ ստեղծել, ինչպես դու այդ անում ես երաժշտություն գրելիս։ Ուրեմն, թող իրենք էլ այդ բանաստեղծությունը գրեն. իսկ դու քո գործն արա»։ Այսպես ես պատռեցի բոլոր բանաստեղծություններս և ազատվեցի դրանցից ու այլևս չվերադարձա այդ աղտոտ գրամոլությանը։ Մանրամասներն՝ [url=https://armenpress.am/arm/news/961914.html?fbclid=IwAR0Ad-eFyvFl0C3Jcxjx30axD0nwbH5P3XXfDTgOaHspg4MA8w2M8vlq3UQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր