2055 դիտում
19:48 23-01-2019
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ մեկնարկած նախաձեռնություններն ու նախանշված ծրագրերը կյանքի կոչելու եւ արդյունքներ արձանագրելու հարցում նորընտիր Ազգային ժողովը վճռական է:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարեւոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը կարեւորում է ՀՀ քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը: «Կարծում եմ, որ սա եւս լուրջ նվաճում կլինի եւ հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի»,-ասել է Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունն այսուհետ կծավալվի էլ ավելի սերտ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, խորհրդարանի դերի բարձրացման, վերահսկողական գործառույթների, դատական եւ ընտրական համակարգի բարեփոխումների եւ այլ ոլորտներում:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհավորելով Արարատ Միրզոյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, կարեւորել է այն հանգամանքը, որ նա դարձել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար: Դեսպանն ընդգծել է, որ նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում իրական պառլամենտարիզմի կայացման համար:
Դեսպանը նաեւ արժեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպան Սվիտալսկին Եվրոպական միության պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կողմից գնահատված կարիքները:
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
19:49 14-06-2016
Երևանում կայացել է վիզաների դյուրացման հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երրորդ նիստը
7902 դիտում
19:38 26-01-2018
Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը
847 դիտում
17:04 08-04-2024
Արմեն Գրիգորյանը Շվեդիայում կարևորել է ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը
Այս բաժնից
1234 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1096 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն