211652_close_icon

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանն այն բողոքարկելու համար 3 ամիս ունի

views-count3662 դիտում article-date 14:19 22-01-2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի՝ մահափորձի վերաբերյալ հաղորդումը: Այս մասին Լապշինն ասաց հունվարի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը 3 ամիս ունի այն բողոքարկելու համար: «Ստրասբուրգում արդեն սկսվել են ադրբեջանական կողմի հետ հաղորդակցությունները: ՄԻԵԴ-ն իմ հաղորդումն արդեն վարույթ ընդունել է, դա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է տարբեր քաղաքական ու կոռուպցիոն քայլեր, որպեսզի դա թույլ չտա, որովհետև մեծ հարված կլինի, երբ դատարանը մահափորձի վերաբերյալ որոշում կայացնի: Ամեն դեպքում դատարանն այդ ամենը վարույթ ընդունել է, և, կարծում եմ, ոչ վերջին հերթին, որովհետև իրենք ամբողջովին վարկաբեկել են իրենց` տարբեր կոռուպցիոն սկանդալներով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով, և այս ամենի ֆոնին իմ պատմությունը շատ հաջող համընկավ: Այսինքն՝ Ադրբեջանն այժմ թուլացած է: Նրանց ուղարկվել են բոլոր փաստաթղթերը, տրված է 3 ամիս բողոքարկելու համար, և մենք այժմ այդ փուլում ենք»,- ասաց Լապշինը: Բլոգերն ընդգծել էր, որ նմանատիպ գործընթաց սկսվելու է նաև ԱՄՆ-ում: «ԱՄՆ-ի մասին չեմ ցանկանա դեռ խոսել, որովհետև այնտեղ ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է. և երբ այնտեղ ինչ-որ բան կակտիվանա, այն ժամանակ անպայման կխոսեմ այդ մասին»,- ասաց բլոգերը: Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:

Նմանատիպ նյութեր