211652_close_icon
views-count5189 դիտում article-date 19:30 20-01-2019

Նարինե Մկրտչյան. Սիլվա Կապուտիկյանը միշտ հանդես է եկել որպես իսկական մտավորական և քաղաքացի

Լրագրող, Երևանի մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «1984 թվականն էր: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսում էի, երբ Սիլվա Կապուտիկյանը հյուրընկալվեց ֆակուլտետում: Դահլիճը լեփ-լեցուն էր ուսանողներով և պրոֆեսորադասախոսական կազմով: Այդ տարիներին մեր ֆակուլտետը ազգային, հասարակական կյանքի կարևոր կենտրոններից էր, որտեղ կար ոչ միայն գրական, այլև քաղաքական բանավեճ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ինքնուրույն քաղաքականությունից զրկված Հայաստանում գրականությունը, հրապարակախոսությունը հաճախ փոխարինել է ազգային հարցերի շուրջ քաղաքական բանավեճին: Այդ հանդիպումն էլ ոչ միայն բանաստեղծուհու գնահատանքի, այլև այդևայլ հարցերի շուրջ բանաստեղծուհու տեսակետը լսելու հնարավորությունն էր: Ես նախապես դիմել էի հայ գրականության ամբիոն՝ ելույթի համար: Ասացին կարճ ելույթ և կարճ ասմունք (ինչ մեղքս թաքցնեմ՝ լավ եմ ասմունքում): Մոտեցա ամբիոնին, կարճ խոսեցի Կապուտիկյանի պոեզիայի մասին, ապա արտասանեցի նրա «Ոչ միան հացիվ» բանաստեղծությունը: Հանդիպման ավարտին խնդրեցի նրա ինքնագիրը: Ստորագրեով՝ բանաստեղծուհին գովեց իմ ասմունքը և բանաստեղծության ընտրությունը: Աշխարհով մեկ եղա: Իմ մանկության տարիներին նրա «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը միշտ ինձ արտասանել էին տալիս հատկապես Երևան ժամանած սփյուռքահայ մեր բարեկամների համար, որոնք լուռ արտասվում էին այն լսելիս: Կապուտիկյանը միշտ քաղաքացի է եղել: Նրա քաղաքական տեսակետները երբեմն նաև վիճահարույց են եղել ինձ համար, սակայն անվիճելի է եղել նրա քաղաքացիական կեցվածքը: Մտավորականի համար քաղաքացի, այլ ոչ թե կոնֆորմիստ լինելը անչափ կարևոր է: Տարաբանույթ խնդիրների շուրջ մտավորականը պետք է դիրքորոշում հայտնի, անկախ նրանից, հանրությունը նրա հետ համաձա՞ն է, թե՞ ոչ: Կապուտիկյանի տեսակետները հաճախ անընդունելի են եղել Հայաստանի խորհրդային և հետխորհրդային իշխանությունների համար: Հաճախ նրա դեմ ուղղակի պայքար են մղել նույն իշխանությունները: Սակայն Կապուտիկյանը միշտ հանդես է եկել որպես իսկական մտավորական և քաղաքացի: Նման վարքագիծն է հասարակություն ձևավորում և դաստիարակում: Հայ մտավորականը պետք է տեսակետ արտահայտի, անգամ եթե մեծամասնությունը դրա հետ համաձայն չէ, եթե անգամ այն ընդունելի չէ : Այդպես է հասարակությունը սովորում մտածել նաև, տարբերել իրական և կեղծ արժեքները և դրանք կրողներին», գրել է Ն. Մկրտչյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր