211652_close_icon
views-count1412 դիտում article-date 10:48 16-01-2019

Այսօրվա խնդիրն է՝ իջեցնել ատելության մակարդակը, սառեցնել կրքերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօր քաղաքական մեծամասնության (և, իհարկե, բոլոր մտածող մարդկանց) հիմնական խնդիրներից մեկն է, կարծում եմ, իջեցնել ատելության մակարդակը, սառեցնել կրքերը, հասարակությանը տանել դրական տրամադրությունների և իրավական պատշաճ ընկալումների ուղղությամբ: Այսօր վիճակը հետևյալն է. երբ ասվում է, որ Քոչարյանը պետք է դատվի օրենքով, դրան պատասխանում են՝ ոչ, նրան պետք է կախել հրապարակում և ժողովրդին թույլ տալ, որ նրան խոշտանգի: Երբ կարծիք է հնչում, որ Մանվել Գրիգորյանն այս պահին վտանգ չի ներկայացնում հասարակության համար և կարող է մինչև քննության ավարտը ազատության մեջ լինել, մարդիկ բացականչում են՝ ոչ, թող բանտում մեռնի քաղցկեղից: Երբ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը (ի դեպ, ոչ օլիգարխ, ոչ պաշտոնյա) վթարի է ենթարկվում, քաղաքացիները հարցնում են՝ «ինչո՞ւ չի սատկել»: Երբ նշվում է, որ մեր գործընկեր Սամվել Մայրապետյանը պետք է վիրահատվի արտասահմանում, դրան ի պատասխան՝ խոսվում է նրա հարստության հնարավորությունների մասին: Դա՛ է քաղաքացիների մեծամասնության տրամադրությունը: Եվ այդ դաժանությանը ես հանդիպում եմ ոչ միայն ֆեյսբուքում՝ եթե այդպես լիներ, կարելի էր ենթադրել, որ այդ զգայական ալիքը ուղղորդված է: Այդ կարծիքը հնչում է քաղաքականությամբ չզբաղվող, պարկեշտ և անգամ բարի մարդկանց շուրթերից: Հետևաբար քաղաքացիներն իսկապես «վառված են» նախորդ իշխանություններից և դրա համար ունեն բավարար հիմքեր: Թվում է, որ նման իրավիճակը ձեռնտու է ներկայիս իշխանությանը՝ «մենք լավն ենք այն պատճառով, որ մեզանից առաջ եղածները վատն էին»: Բայց այդպես է թվում միայն առաջին հայացքից: Եթե մերժելու, ատելու, ծաղրելու, «բարոյապես ոչնչացնելու» էներգիան չվերափոխվի արարելու, վերափոխելու և վերափոխվելու էներգիայի, ապա իշխանության անկեղծ ջանքերը՝ մեր երկիրը ավելի զարգացած և հարուստ դարձնելու, չեն տա ցանկալի արդյունքները: Հասարակական աջակցությունը ոչ միայն ներկաներին գովելու և նախկիններին փնովելու մեջ է, այլև հեղափոխության գաղափարներին համահունչ գործելու, աշխատելու մեջ»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր