211652_close_icon

Երևանի շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով

views-count1118 դիտում article-date 16:51 28-12-2018
Երևանի շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա հորդորեց քաղաքացիներին ամենաանհրաժեշտ դեպքում օգտվել շտապօգնության ծառայությունից: «Միշտ կան ավելի անհետաձգելի դեպքեր, որտեղ մարդու կյանքը վտանգված է, ու անկախ մեր բրիգադների ավելացած քանակից, լինում են պիկ ժամեր, երբ ֆիզիկապես ուղղակի չենք հասցնում այս կամ այն կանչին», - ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Շտապօգնությունում աշխատում է 36 բրիգադ: Ամանորին թունավորումներից խուսափելու համար Թագուհի Ստեփանյանը խորհուրդ տվեց չուտել երկար պահպանված սնունդ, սակայն նշեց, որ սննդային թունավորումները վերջին շրջանում քիչ են լինում: «Հավանաբար մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել»,- ասաց Ստեփանյանը։ ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանն էլ հավելեց, որ դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն: «Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից», - նշեց նա:

Նմանատիպ նյութեր