Մեթիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը. Fox News
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի մի պաշտոնյայի, հայտնել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ստորագրել Է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը:
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը AFP-ին տված հարցազրույցում հավաստել է, որ հրամանագիրն արդեն ստորագրված է:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում ԻՊ-ի դեմ տարած հաղթանակի ու այդ երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին՝ նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը նրանց միակ նպատակն էր:
Դրանից շատ չանցած՝ Ջեյմս Մեթիսը հրաժարական տվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնից: Նա հրապարակեց մի նամակ, որում ասված է հանգուցային հարցերի շուրջ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին:
Իսկ նախօրեին Թրամփը հայտարարել է, որ 2019 թվականից պաշտպանության նախարարի պաշտոնակատար կդառնա Պենտագոնի ներկայիս փոխղեկավար Պատրիկ Շանահանը։