2109 դիտում
16:16 07-12-2018
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Չինաստանի դեսպան Տյան Էրլունի հետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել է Երևանի և Չինաստանի քաղաքների միջև արդյունավետ համագործակցության փաստը: Քաղաքապետը նշել է, որ փոխգործակցության հուշագրեր են կնքվել Երևանի և Պեկինի, ինչպես նաև՝ Չինաստանի խոշորագույն քաղաքներից՝ Ցինդաոյի միջև: Հայաստանում և, մասնավորապես, Երևանում Չինաստանի կառավարությունը տեխնիկական աջակցության մի շարք ծրագրեր է իրականացրել՝ անհատույց տրամադրելով քաղաքային ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ և այլ տեխնիկա:
Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ նաև դեսպանության աշխատանքի շնորհիվ Չինաստանի կառավարությունը կշարունակի ծրագրերը տարբեր ոլորտներում, ինչպես նաև կխրախուսի չինական բիզնեսի ներկայացուցիչներին՝ ներդրումներ կատարել Երևանում:
Շնորհավորելով Հայկ Մարությանին և իր թիմին մայրաքաղաքի կառավարումը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Տյան Էրլունը համոզմունք է հայտնել, որ այս փոփոխությունը կնպաստի Երևանի զարգացմանը:
Դեսպանը տեղեկացրել է, որ Երևանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցման աշխատանքները մոտ ապագայում ավարտին կհասցվեն, և շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը՝ այս հարցում աջակցության համար: Կողմերը պայմանավորվել են շարունակական ջանքեր ներդնել՝ խորացնելու մայրաքաղաք Երևանի և չինական քաղաքների միջև համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
12729 դիտում
20:44 17-10-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ