211652_close_icon
views-count609 դիտում article-date 13:47 03-03-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Տյան Էրլունին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-չինական հարաբերությունները նոր լիցք կստանան: Հանգամանորեն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը` նախարարը մասնավորապես նշել է, որ մեր երկրի անկախացումից հետո Չինաստանի կառավարությունը տեխնիկակական մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսությանը: «Մենք շահագրգռված ենք դեպի չինական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ», - նշել է իր խոսքում Սերգո Կարապետյանը` գոհունակությամբ հավելելով, որ հատկապես կոնյակի և գինու արտահանման ծավալներն օրըստօրե մեծանում են: Հանդիպման ընթացքում նախարարը նաև առաջարկել է քննարկել Հայաստանում կոոպերատիվների չինական մոդելի ներդրման հնարավորությունը: Դեսպան Տյան Էրլունն իր հերթին նշել է, որ հետաքրքրված է գյուղատնտեսության և հատկապես պարենային անվտանգության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնմանը: Հանդիպմանը նախարարն առաջարկել է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքատեսակներին, ինչպես նաև խթան կհանդիսանա գործարար կապերի աշխուժացման և նոր ներդրողների ներգրավման համար: Որպես երկու երկրների միջև ագրարային ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղություններ` կողմերն առանձնացրել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ջերմատների կառուցումը, հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչպես նաև համագործակցության խթանումը գիտական և խորհրդատվական ոլորտներում: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր չինացի գործընկերոջը փոխանցել 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր