ՀԱՊԿ քարտուղարի հարցն արդեն լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հնարավորինս խուսափում է քայլերից, որոնք կարող են գնահատվել՝ որպես միջամտություն, ազդեցություն ՀՀ ներքաղաքական կյանքին: Իսկ Բելառուսի թեկնածուի ընտրությունը դառնալու էր ներքաղաքական բանավեճի և նախընտրական տրամադրությունների վրա ազդող գործոն, որից Ռուսաստանն ամեն կերպ խուսափում է:
Ուստի Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ ամենաազդեցիկ երկիր, որոշել է նման կերպ լուծել խնդիրը, որպեսզի որևէ ղեկավարի համար ցավոտ որոշում չլինի հիմա: Իմ համոզմամբ՝ սա ճիշտ մոտեցում է»,- «168 ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստի հետաձգմանը:
Իսկ ինչ վերաբերում է թեկնածության հարցին, ապա, նրա կարծիքով՝ «այն արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի, և Հայաստանն իր համաձայնությունը պետք է տա»՝ հասկանալով նաև, որ միջազգային կազմակերպություններում աշխատանքը ենթադրում է պատասխանատվություն գործընկեր երկրների առջև:
«Եվ երկրորդ` տեսնում ենք նաև, որ ներքաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ հեղափոխական տրամադրությունները, շարունակվում են, ինչը նշանակում է` չի կարելի բացառել, որ Հայաստանի նոր թեկնածուն ևս ենթարկվի քրեական հետապնդման: Եվ ասեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները ելնում են նաև այս մտահոգությունից՝ կարծելով, որ ներքաղաքական նման հեղափոխական զարգացումների փուլում Հայաստանի համար միջազգային կազմակերպությունում նման պատասխանատու պաշտոնը կարող է հավելյալ բեռ դառնալ»,- ասել է Լուկիանովը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]