211652_close_icon
views-count1894 դիտում article-date 10:17 03-12-2018

Արցախի ՄԻՊ-ը կարևորում է հաշմանդամների իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի կոնվենցիային միանալու անհրաժեշտությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորում է բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց իրենց միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության հանդեպ իր հատուկ ուշադրությունը: Ունենալով հետպատերազմյան հասարակություն և բնակչության շուրջ 6 տոկոսի հասնող հաշմանդամություն ունեցող անձանց քանակ (մոտ 8,900 անձ)՝ Արցախում առաջնահերթ կարևորություն ունի սոցիալական տվյալ խմբի իրավունքների պաշտպանությունը: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել նրանց հատկապես առողջապահության ու սոցիալական ապահովվածության ուղղությամբ, սակայն դեռևս նշանակալի անելիքներ կան բոլոր իրավունքների պաշտպանության հարցում: Հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերը, ֆիզիկական միջավայրի մատչելիության ցածր մակարդակը, օրենսդրական թերի կարգավորումներն ու իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաև ֆինանսական սուղ միջոցները որոշակի խոչընդոտներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների ինքնուրույն իրացման համար: Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է իր մտադրությունը համապարփակ կերպով ուսումնասիրել հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակն ու խնդիրները, որպեսզի հնարավոր լինի պետական լիազոր մարմիններին և քաղաքացիական հասարակությանն աջակցել վերհանված խնդիրների համակարգային լուծման հարցում: Այդ ճանապարհին Մարդու իրավունքների պաշտպանը հանձնառություն է ստանձնում իր նպաստը բերել Արցախում միջազգային խրախուսելի չափանիշների ներդրման գործին: Այդ առումով Պաշտպանն ընդգծում է նախևառաջ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային Արցախի Հանրապետության միանալու անհրաժեշտությունը, ինչը բարենպաստ իրավական և մեթոդական հենք կապահովի ոլորտում իրականացվելիք հետագա բարեփոխումների համար: Կոնվենցիային միանալը նաև հնարավորություն կտա Պաշտպանի հաստատությանը ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման, աշխատանքի, առողջապահության, կրթության, հասարակության կյանքին լիարժեք մասնակցության, արդարադատության մատչելիության, անձնական անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, անհատական շարժունակության և այլ իրավունքների հավասար և ինքնուրույն իրացման ապահովման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու լիազորություն ունեցող ազգային մեխանիզմի կարգավիճակ:

Նմանատիպ նյութեր