211652_close_icon
views-count4751 դիտում article-date 11:32 01-12-2018

Ընտանիքներին հանգիստ թողնենք․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քաղաքական և հատկապես նախընտրական պայքարում անձնական բնույթի «կոմպրոմատներ» օգտագործելը, բնականաբար, հայկական հասարակական մտքի know how չէ: Ամբողջ աշխարհում, որտեղ ընտրողների ձայները թեկուզ չնչին նշանակություն ունեն, քաղաքական գործընթացի մասնակիցները «փորփրում» են իրենց մրցակիցների անձնական կյանքը և վարկաբեկիչ նյութեր են պեղում՝ այս մեկի որդին թմրամոլ է, այս մեկի թոռը համակարգչով «պոռնո» է նայում, իսկ այն մեկի կինը որպես սպասուհի անօրինական միգրանտի է աշխատեցնում և վճարում է նրան «սև նալով»: Ճիշտն ասած, այս «համաշխարհային առաջադեմ փորձն» իմ սրտով չէ, և, կարծում եմ, այնպես չէ, որ այն պարտադիր պետք է կիրառվի նաև Հայաստանում: Գիտեմ, թե ինչ է ասվում՝ ցանկացած «դեղին» հրապարակում արդարացնելու համար. «քանի որ այսինչը հրապարակային դեմք է, հասարակությունն իրավունք ունի իմանալու» և այլն: Իհարկե, իրավունք ունի: Բայց անձամբ ինձ այդ մարդկանց անձնական, ընտանեկան կյանքը չի հետաքրքրում: Հասկանում եմ, որ այս հարցում նույնպես ես փոքրամասնության մեջ եմ: Վերջերս հրապարակում եղավ վարչապետի աղջկա իբր «ճոխ» ծննդյան օրվա մասին: Քանի որ ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը, ինձ համար միանգամայն պարզ էր, որ այդ հրապարակման մեջ հայտնած տեղեկությունները ծայրից ծայր սուտ են: Ինչ-ինչ, բայց այս ուղղությամբ «մետամորֆոզները» նրանց չեն սպառնում: Իսկ վերջերս ինքը՝ վարչապետը, նախընտրական հանրահավաքներից մեկում պատմել է, թե ինչպես են բանակում ծառայել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ ըստ այդմ, նրանք ոչ մի օր զորամասում չեն անցկացրել: Քոչարյանի որդիներին ես չեմ ճանաչում և այդ պատճառով չեմ կարող ասել, թե որքանով է այդ տեղեկությունը ճիշտ՝ չնայած տղաներից մեկը դա հերքել է: Բայց մի բանում ես վստահ եմ. դա նախընտրական քարոզի թեմա չէ՝ ոչ միայն այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընտրություններին չի մասնակցում: Ավելի կարևոր է այն, որ դա այն խնդիրը չէ, որ պետք է ներկայացնի երկրի առաջին դեմքը՝ առաջիկա հինգ տարիների իր ծրագրերի մասին պատմելիս: Քաղաքական իմաստով, իհարկե, էական է, թե ինչ վատ բաներ է արել Քոչարյանը իր նախագահության տարիներին և ինչպիսի, մեղմ ասած, անփառունակ ավարտ է այն ունեցել 2008 թվականի մարտի 1-ին: Իսկ ինչով են զբաղվել նրա ընտանիքի անդամները՝ ինձ համար դա էական չէ. պետական, քաղաքական գործչի և մարդու սահմանն ինձ համար հստակ է: Կրկին արձանագրեմ, որ մեծամասնությունն ինձ նման չի մտածում: Ճիշտ եմ համարում, որ նշված երկու դեպքերում էլ հնչել են հերքումներ: Գուցե դա ինչ-որ չափով կանխի ժողովրդական առասպելների տարածումը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր