Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Լիբանանի դեսպանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ողջունելով հյուրին՝ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն ունի երկու քույր քաղաքների՝ Երևանի ու Բեյրութի համագործակցությունը: Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ հետայսու ևս այդ հարաբերությունները կշարունակեն խորանալ ու զարգանալ կոնկրետ ուղղություններով:
Դեսպան Մայա Դաղերը շնորհավորել է Երևանի 2800-ամյակի հոբելյանական միջոցառումները բարձր մակարդակի վրա անցկացնելու կապակցությամբ և ողջունել վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում նկատվող երիտասարդական շունչը:
Դեսպանը նշել է, որ լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ են գալիս Երևան՝ ներդրումներ անելով քաղաքի տնտեսության մեջ: Քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին հավաստիացրել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակը լավագույնս նպաստելու է, որպեսզի օտարերկրյա, մասնավորապես լիբանանցի ներդրողները և գործարարներն աշխատեն հարմարավետ պայմաններում: