Հայ ընտանիքների պատմությունների թանգարան է գործում ԱՄՆ-ում․ «Ամերիկայի ձայն»
Ամերիկյան Ուոթերթաուն քաղաքում գործում է թանգարան, որտեղ պահպանվում են եզակի նմուշներ՝ նմուշներ, որ պատմում են ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4677072.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Սա հատուկ թանգարան է, թանգարան, որի նմուշները ներկայացնում են ոչ միայն արվեստի և պատմական արժեք այլև՝ մարդկային ճակատագրերի լուռ պահապաններ են, պատմում է Ամերիկայի հայկական թանգարանի գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնը.
«Ամերիկայի հայկական թանգարանը եզակի հաստատություն է, քանի որ այստեղ պահպանվող նմուշները Միացյալ Նահանգներ են տեղափոխվել հիմնականում ցեղասպանությունը վերապրած ընտանիքների կողմից և դրանք պատմում են այդ ընտանիքների պատմությունները»:
Թանգարանի նմուշները եզակի են՝ յուրաքանչյուրն իր ուրույն անցյալով, պատմում է թանգարանի աշխատակից Բերջ Չեքիջյանը: Նմուշներից մեկը 1735 թվականի հսկայական եկեղեցական սկուտեղն է, որը օգտագործվում էր Սիսի հայ կաթողիկոսարանում: Սկուտեղը եզակի նմուշ է՝ հայերեն փորագրված աղոթքների հետ միասին դրա վրա պատկերված է Հիսուսը 12 առաքյալներով:
«Ջարդերի ժամանակ երիտասարդ մի տղա այն իր ուսերի վրա Սիսից, Կիլիկիայից տարել հասցրել է մինչև Սիրիա: Մոտ երկու շաբաթ իր ուսերի վրա տարել, փրկել է կործանումից», - պատմում է Չեքիջյանը:
Ցեղասպանության մասին պատմող նմուշների պատմությունները միշտ չէ, որ հաջող ավարտ ունեն: Թանգարանի առանձին հատվածում ստեղծված է նմուշների հավաքածու, որը ներկայացնում է Դեր Զոր անապատի պատկերը՝ Հայոց ցեղասպանությունից հետո: Այստեղ յուրաքանչյուրը չէ, որ կհամարձակվի մտնել:
Այստեղ է Դեր Զորի անապատում մահացած հայ երիտասարդ տղայի տարազը և մարդկային մասունքներ, որոնք թանգարանին էին փոխանցվել ամերիկյան միսիոներների կողմից: Այստեղ է նաև ժողովրդի արժեքները խորհրդանշող ավետարանը, որը փախչող հայերը փորձում էին փրկել:
«Այս Ավետարանը իր հետ մինչև Դեր Զորի անապատ է հասցրել մի հայ կին, ով զոհվել է անապատում, սակայն նրա կողմից փրկված ավետարանը պահպանվել է»:
Տարիներ անց այս ավետարանը գտել, տեղափոխել են Հալեպ, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ, որտեղ էլ փոխանցել են Ամերիկայի հայկական թանգարանին:
«Ամեն ինչ, ինչ ունենք այստեղ, ջարդերից ազատված մեր պատմության նմուշներ են, որ կապում են մեզ մեր անցյալի հետ», - նշում է թանգարանի աշխատակիցը:
Ամերիկայի հայկական թանգարանն ունի ԱՄՆ-ում հայկական գորգերի, արվեստի ու արհեստի գործերի ամենահարուստ հավաքածուն: Հայկական ավանդական սպասքից մինչև «Դոկտոր Մահ» Ջեք Գևորգյանի վրձնի կտավներ, Մարաշի գորգերից մինչև Ուրարտուի մետաղադրամ, եզակի փաստաթղթերից մինչև Յուզուֆ Քարշի լուսանկարներ: Թանգարանի կենտրոնական նմուշներից է 1207 թվականի մագաղաթե ձեռագիր Նոր Կտակարանը:
«Այս ձեռագիր ավետարանը պատրաստված էր մեկ ընտանիքի համար»:
Ջարդերի օրերին ամբողջ ընտանիքից ողջ են մնում միայն երկու հոգի՝ այդ ժամանակ թուրքական բանակում ծառայող մի բժիշկ ու մի երիտասարդ, ով մինչև ջարդերը Նյու Յորք էր տեղափոխվել:
«Թուրքերն այս գիրքը վերցնում են, բայց չեն ոչնչացնում, քանի որ հավատում էին, որ եթե վրան հացի կտոր դնեն և ուտեն՝ կբուժվեն, և կամ եթե իրենց շապիկը վրան դնեն և հագնեն՝ նույնպես կբուժվեն: Իսկ պատերազմի ավարտին բժշկին հաջողվում է գումարի դիմաց վերադարձնել այն ավետարանը ձեռքին բժիշկը այնուհետև տեղափոխվում է Մարսել»:
1930-ականներին բժիշկը Ֆրանսիայից նամակ է ուղարկում Նյու Յորքում բնակվող եղբորորդուն, կանչելով նրան Ֆրանսիա, հավելելով, որ անակնկալ ունի:
«Պարզվում է, եղբորորդու համար հարսնացու է գտել իրենց հայրենի գյուղից, նա գիրքը փոխանցում է նրանց »:
Միացյալ Նահանգներում տղայի զավակներն արդեն փոխանցում են մագաղաթե մատյանը թանգարան:
«Այսպես, մենք եղանք 40-րդ սերունդը, որ պահում ենք այս գիրքը», - ավելացնում է Բերջ Չեքիջյանը: